«Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագիծը, որը նպատակ ունի ապահովելու կրթության բովանդակության արդիականացում, սովորողների կարողունակությունների համակողմանի զարգացում և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացում՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից կրթական և անվտանգության պահանջներին։

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև ՀՀ բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Առարկայական ծրագրերի գործարկման ընթացքում ի հայտ են եկել որոշ համադրական և գործնական բնույթի հարցեր, որոնց լուծման նպատակով իրականացվել է ծրագրերի վերանայում և ճշգրտում։

Ներկայացված փաթեթը մշակվել է վերանայված պետական չափորոշչի պահանջների ապահովման նպատակով և նպատակաուղղված է՝

  • առարկայական ծրագրերի միջև բովանդակության ու ժամանակագրության ավելի հստակ համադրմանը,
  • թեմաների տրամաբանական հաջորդականության ապահովմանը,
  • փոխկապակցվածության ուժեղացմանը։

Այն նաև միտված է տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութի կրկնությունների բացառմանը, կիրառման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական և կազմակերպման հետ կապված խնդիրների շտկմանը, ինչպես նաև ուսումնական բեռնաթափման իրականացմանը՝ առանց էական բովանդակային բաղադրիչների կրճատման։

Միաժամանակ, հանրակրթության պետական չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզի, ինչպես նաև ՀՀ հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ցույց է տվել, որ այն՝

  • ապահովում է ուսումնառության արդյունքների հստակ և չափելի ձևակերպում,
  • նպաստում է սովորողների առանցքային կարողունակությունների զարգացմանը,
  • ապահովում է ուսումնական բովանդակության փուլային և համակարգված կառուցվածք,
  • բարձրացնում է ուսուցման և գնահատման գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը,
  • համապատասխանում է ուսուցիչների մասնագիտական պահանջներին։

Փորձարկման և մասնագիտական արձագանքների վերլուծության արդյունքում իրականացվել են լրացուցիչ լրամշակումներ, որոնց միջոցով հստակեցվել են բովանդակային և մեթոդական մի շարք դրույթներ, ինչպես նաև ուժեղացվել են միջառարկայական կապերը։

Միաժամանակ իրականացվել է ուսումնական բովանդակության օպտիմալացում՝ նվազեցվել է կրկնվող և երկրորդական տեղեկատվության ծավալը՝ ապահովելով դրա տարիքային համապատասխանությունը և կենտրոնացումը հիմնական գիտելիքների ու կարողությունների ձևավորման վրա։

Ներկայացված նախագծերը հանդիսանում են վերանայված հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական և համակարգված ներդրման ապահովման միջոց։

Նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։ Գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում, ինչպես նաև առօրյա կյանքում հանդիպող ռիսկերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղություններով։

Հաշվի առնելով նշվածը՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։ Սա կապահովի արտակարգ իրավիճակներին (այդ թվում՝ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական) արձագանքման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում։

Առարկայի գործնական բաղադրիչը նախատեսվում է խորացնել ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների շրջանակում։

Ինչի՞ հետ են պայմանավորված նոր փոփոխությունները

Նշված փոփոխությունները պայմանավորված են ժամանակակից անվտանգության մարտահրավերների աճով, որոնք պահանջում են սովորողների մոտ ձևավորել համակողմանի անվտանգ կենսագործունեության կարողունակություններ՝ ներառյալ ռիսկերի գնահատումը, արագ կողմնորոշումը և համապատասխան վարքագծի դրսևորումը։

Ի՞նչ է ապահովում առաջարկվող մոտեցումը

Անվտանգության մշակույթի ձևավորման շարունակական և փուլային զարգացում՝ սկսած հիմնական դպրոցից, ինչպես նաև նպաստում է ֆիզիկական, հոգեբանական, տեղեկատվական և քաղաքացիական անվտանգության փոխկապակցված ընկալման ձևավորմանը։

Հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի վերանայման արդյունքները, Տավուշի մարզում դրա փորձարկման դրական փորձը, ինչպես նաև իրականացված բովանդակային օպտիմալացումը և լրամշակումները՝ նախագծի ընդունումը համարվում է անհրաժեշտ և հիմնավորված։

Հանրակրթության բովանդակության գործող համակարգում առկա են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորում են առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը։

Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ անհամադրելիություններ, մասնավորապես՝ տարբեր առարկաների ծրագրերում նույն թեմատիկ միավորներին կամ հասկացություններին վերաբերող նյութի ժամանակագրական անհամընկնումներ (երբ տվյալ նյութը ոչ հիմնական առարկայում ուսուցանվում է ավելի վաղ, քան համապատասխան հիմնական առարկայում), ինչպես նաև տարբեր առարկաների շրջանակում նույնաբովանդակ նյութի կրկնություններ։ Վերանայման նախագծերի նպատակն է կարգավորել այդ համադրական խնդիրները, ապահովել թեմաների տրամաբանական հաջորդականությունը և փոխկապակցվածությունը, բացառել ավելորդ կրկնությունները, շտկել ի հայտ եկած տեխնիկական և այլ կազմակերպչական թերությունները, ինչպես նաև իրականացնել բեռնաթափում՝ առանց էական բովանդակային բաղադրիչների կրճատման։

Առկա է նաև ուսումնական բովանդակության բեռնվածության անհամաչափություն, ինչը որոշ դեպքերում սահմանափակում է սովորողների կողմից հիմնական և առանցքային կարողությունների խորացված ձևավորումը։ Բացի այդ, առանձին առարկաների բովանդակության մեջ բավարար չափով ընդգրկված չեն միջառարկայական կապերը և ժամանակակից հասարակական ու անվտանգության մարտահրավերներին վերաբերող բաղադրիչները։

Հատուկ ուշադրության կարիք ունի «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակությունը, որը հիմնականում կենտրոնացած է ռազմամարզական պատրաստության վրա և բավարար չափով չի ապահովում սովորողների պատրաստվածությունը ժամանակակից բազմաբնույթ արտակարգ իրավիճակներում գործելու համար՝ ներառյալ բնական, տեխնածին, համաճարակային, տեղեկատվական և ռազմական բնույթի ռիսկերին արձագանքումը։

Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է վերանայել և արդիականացնել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը վերանայված հանրակրթության պետական չափորոշչին և կարողունակահեն կրթության սկզբունքներին, իրականացնել ուսումնական բովանդակության օպտիմալացում՝ նվազեցնելով կրկնվող և երկրորդական նյութի ծավալը և կենտրոնանալով առանցքային գիտելիքների ու կարողությունների ձևավորման վրա, ուժեղացնել միջառարկայական կապերը՝ ապահովելով գիտելիքների կիրառական և ինտեգրված բնույթը, վերակառուցել անվտանգության կրթության բաղադրիչը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից ռիսկերի և մարտահրավերների պահանջներին, ներդնել «Անվտանգ կենսագործունեություն» առարկան՝ ապահովելով անվտանգության գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում՝ սկսած հիմնական դպրոցից և դրանց գործնական ամրապնդում ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների միջոցով։

Ժամանակակից հասարակության զարգացման պայմաններում հանրակրթության համակարգը կոչված է ոչ միայն ապահովելու սովորողների ակադեմիական գիտելիքները, այլև ձևավորելու առողջ, պատասխանատու և սոցիալապես գիտակից քաղաքացի։ Այս համատեքստում «Առողջ ապրելակերպ» կրթական բաղադրիչը ներդրվեց հանրակրթության պետական չափորոշչով՝ սկզբնական փուլում որպես պարտադիր խմբակ, սակայն 2026–2027 ուսումնական տարվանից նախատեսվում է ներդնել այն որպես պարտադիր առարկա։

  «Առողջ ապրելակերպ» առարկայի հիմնական նպատակը սովորողների մոտ առողջությանը վերաբերող գիտելիքների, արժեքների և վարքագծային հմտությունների ձևավորումն է։ Առարկան միտված է՝

  • ֆիզիկական, հոգեկան և սոցիալականառողջության պահպանման և զարգացման մշակույթի ձևավորմանը․
  • կանխարգելիչ մտածողության զարգացմանը (վնասակար սովորությունների, կախվածությունների, ոչառողջ սննդակարգի, նստակյաց կենսակերպի կանխարգելում)․
  • ինքնաճանաչման, ինքնակարգավորման և պատասխանատու որոշումների կայացման հմտությունների զարգացմանը։

Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

   Նախագծի իրականացումը կնպաստի հանրակրթության բովանդակության համակարգային արդիականացմանը և վերանայված հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական և արդյունավետ ներդրմանը հանրակրթական ուսումնական հաստատություններում։

   Ակնկալվում է ապահովել ուսումնական բովանդակության և ուսումնառության ակնկալվող արդյունքների առավել հստակ, չափելի և փուլային ձևակերպում, ինչը կբարձրացնի կրթական գործընթացի պլանավորման, իրականացման և գնահատման արդյունավետությունը։

    Ուսումնական ծրագրերի օպտիմալացման արդյունքում կնվազեցվի բովանդակային կրկնությունը և ավելորդ ծանրաբեռնվածությունը՝ հնարավորություն տալով կենտրոնանալ սովորողների առանցքային գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման վրա։

   Միջառարկայական կապերի ուժեղացման շնորհիվ ակնկալվում է ուսումնական գործընթացի ինտեգրված և կիրառական բնույթի զարգացում, որը կնպաստի սովորողների գիտելիքների ամբողջական ընկալմանը և իրական կյանքի իրավիճակներում դրանց կիրառմանը։

  «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ներդրման արդյունքում կձևավորվի սովորողների համակողմանի կարողունակություն՝ կապված տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներում (բնական, տեխնածին, համաճարակային, ռազմական և այլ) ճիշտ կողմնորոշվելու, ռիսկերը գնահատելու և համապատասխան վարքագիծ դրսևորելու հետ։ Միաժամանակ կապահովվի անվտանգության մշակույթի ձևավորման շարունակական և փուլային զարգացում՝ սկսած հիմնական դպրոցից։ Ավագ դպրոցում գործնական բաղադրիչի ամրապնդման շնորհիվ ակնկալվում է սովորողների ձեռք բերած գիտելիքների կիրառելիության մակարդակի բարձրացում իրական կամ մոտարկված իրավիճակներում։

  Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Առողջ ապրելակերպ» կրթական բաղադրիչը որպես պարտադիր առարկա ներդնելը լիովին համահունչ է հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արժեքային համակարգին, կրթության զարգացման ժամանակակից պահանջներին, պետական ռազմավարական նպատակներին։ Այն կարևոր ներդրում է ոչ միայն սովորողի ամբողջական զարգացման, այլև ընտանիքի և հասարակության առողջ ու կայուն ապագայի ձևավորման գործում։

Ծրագիրը միտված է՝

  • սովորողներիառողջական ռիսկերի նվազեցմանը և առողջապահական գրագիտության բարձրացմանը․
  • դպրոցական տարիքումառողջ վարքագծի կայուն սովորությունների ձևավորմանը․
  • ուսման արդյունավետության բարձրացմանը, քանի որառողջ ապրելակերպն ուղղակիորեն կապված է կենտրոնացման, հոգեկան կայունության և սոցիալական հմտությունների հետ․
  • սոցիալական և հուզական կրթության ամրապնդմանը՝ նպաստելով փոխադարձ հարգանքի, համագործակցության և պատասխանատվության ձևավորմանը։

   Ընդհանուր առմամբ, միջոցառման իրականացումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը, սովորողների կարողունակությունների զարգացմանը, ինչպես նաև կրթական համակարգի համապատասխանեցմանը ժամանակակից հասարակական և անվտանգության պահանջներին։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծով սահմանված գործընթացի իրականացումը բխում է՝

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության:

Մարդկանց  գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը:

Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:», 3-րդ՝ ««Հանրակրթության ոլորտի առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարը մինչև 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների ամբողջական ներդնումն է հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքի, ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության, բարձրորակ ուսուցչական համակազմի և դպրոցների թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամբողջություն։

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է՝

  • «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն»:

Հայաստանի Հանրապետության հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական լրամշակված չափորոշիչների, ինչպես նաև լրամշակված առարկայական ծրագրերի հաստատմամբ այլ իրավական ակտերում  փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում:

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment