ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Կուբայի իշխանություններին՝ Միացյալ Նահանգների հակառակորդների հետախուզական աշխատակիցներին երկրի տարածք մուտք գործելու թույլտվություն տալու մեջ։
«Մենք մտադրություն չունենք թույլ տալ ԱՄՆ հակառակորդներին հետախուզական սպաներ կամ ռազմական բազաներ տեղակայել մեզանից 90 մղոն հեռավորության վրա», – նրա խոսքերն է մեջբերում EFE-ն։
Ռուբիոն որևէ երկիր չի նշել, սակայն գործակալությունը մատնանշում է Կուբայի վաղեմի պատմական կապերը՝ նախ ԽՍՀՄ-ի, ապա՝ Ռուսաստանի հետ։ Վերջին տասնամյակներում Հավանան նաև ընդլայնել է իր տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունը Չինաստանի հետ։
Մեկնաբանելով Կուբայում ստեղծված իրավիճակը՝ Ռուբիոն ասել է.
«Այնտեղ բարելավումները կարող են լինել միայն լուրջ տնտեսական բարեփոխումների միջոցով, բայց ոչ ներկայիս իշխանությունների հետ, որոնք տնտեսապես անգործունակ են»։
EFE-ն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս տարվա հունվարից ի վեր ուժեղացրել է ճնշումը Կուբայի վրա։ Հավանայի վրա սահմանվել է վառելիքի շրջափակում։ Ավելին, Թրամփը բազմիցս հայտարարել է Կուբայում կառավարության փոփոխության անհրաժեշտության մասին։