«Խոսում է Երևանը»․ հայկական եթերի պատմությունն ու լեգենդար անեկդոտները․ «Արդեն 100 տարի»       

Թերթենք 1933 թվականի «Խոսում է Երևանը» թերթը՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ հաղորդումներ է հեռարձակել Հայկական ռադիոն ավելի քան 90 տարի առաջ։ Օրվա հաղորդացանցը շատ բազմազան է եղել։

Եվ այսպես, բացի կիրակի օրերից, ռադիոյի առավոտյան եթերում 07:30-08:00-ն ֆիզկուլտուրա էր, ապա հաղորդվել են նշանավոր ամսաթվերը։ Հնչել են համերգներ, եղանակի տեսություն և հայտարարություններ, հաղորդումներ նախադպրոցականների համար, մանկական համերգներ, գրական-երաժշտական հաղորդումներ, ինքնակրթության դասեր, օպերային տրանսլացիաներ, վերջին լուրերի մի քանի թողարկում և գրական-դրամատիկական հաղորդումներ, իսկ 00:00-ին ներկայացվել է հաջորդ օրվա ծրագիրը։

Չափազանց հարուստ է եղել ռադիոյի երաժշտական մասը՝ գրամաֆոնային երաժշտություն, կամերային և սիմֆոնիկ համերգներ, արևելյան երաժշտություն, հայկական ժողովրդական գործիքների ու վոկալ համույթների կատարումներ և պարեղանակներ։ Ժամանակի ընթացքում ռադիոյի ծրագրերն ավելի են հարստացել։ Օրինակ՝ 1967 թ. սեպտեմբերի 2-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 22:10-ին հեռարձակվել է Երևանի տնաշինական կոմբինատի ջազ սեքստետի համերգը։ Ընդհանրապես, ջազը հայկական ձայնասփյուռով հնչել է անդադար։

Հայկական ռադիոն ունեցել է նաև երգիծական ու զվարճալի հաղորդումներ։ Թերևս կհիշեք, որ դեռ խորհրդային տարիներից մեծ տարածում ունեին «Հայկական ռադիոյի» անեկդոտները։ Վերհիշենք մի քանիսը.

Հայկական ռադիոյին հարցնում են.

— Որքա՞ն կարժենա մեկ շիշ օղին 21-րդ դարում։

Հայկական ռադիոն տալիս է, գրեթե, մարգարեական պատասխան.

— 10 յուան։

— Ո՞րն է «փոքր թատրոնը»։

Հայկական ռադիոն պատասխանում է.

— Մեծ թատրոնը՝ արտասահմանյան հյուրախաղերից հետո։

— Ի՞նչ տարբերություն կա արձանիկի և կնոջ միջև։

— Արձանիկն ընկնում և կոտրվում է, իսկ կինը նախ կոտրտվում է, հետո միայն՝ ընկնում։

— Կարո՞ղ է կինն իր ամուսնուն միլիոնատեր դարձնել։

— Այո՛, եթե ամուսինը միլիարդատեր է։

— Ինչպե՞ս են ստեղծվում անեկդոտները։ Ինչ-որ մեկը նստում ու գրո՞ւմ է դրանք։

— Ո՛չ,- պատասխանում է Հայկական ռադիոն,- նախ գրում է, հետո՝ նստում։

Leave a Comment