ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր Մարիամ Վարդանյանի «Շաքար» (Shakkar) ֆիլմը մրցանակի է արժանացել Միրթլ Բիչի միջազգային կինոփառատոնի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում (1st Runner-Up)։
Myrtle Beach International Film Festival (MBIFF)-ը ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում անցկացվող հեղինակավոր ստուգատես է, որը, ըստ MovieMaker Magazine-ի, համարվում է ԱՄՆ-ի լավագույն անկախ կինոփառատոններից մեկը։ Մրցանակը շնորհվում է անկախ կինոգործիչներին՝ իբրև նրանց ստեղծագործական ինքնատիպության և տեխնիկական վարպետության ճանաչում։
Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է Գյումրիում։ Մարիամ Վարդանյանը ոչ միայն գլխավոր դերակատարներից է, այլև սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերը։
Ֆիլմի սյուժեն զարգանում է մի կնոջ շուրջ, որը փորձում է պաշտպանել փոքրիկ Արանին՝ տեղեկանալով, որ տղայի հորեղբայրը՝ Օսվալդը, վտանգ է ներկայացնում երեխայի համար։ Այս դրաման վեր է հանում ինքնազոհության, ընտանեկան կապերի, անձնական ռիսկի և պատասխանատվության թեմաները՝ ներկայացնելով մարդկային փոխհարաբերությունների բարդ ու խորը շերտերը։
