Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործադիր կոմիտեն ծրագրում է աշխարհի 2026 թվականի առաջնությունում դեղին քարտերի չեղարկման նոր կանոններ կիրառել: Ինչպես հայտնում է BBC Sport-ը, Մունդիալում կավելանա ֆուտբոլիստների զգուշացումները չեղարկելու լրացուցիչ փուլ։ Դեղին քարտերը «կզրոյանան» ոչ միայն խմբային փուլից հետո, այլև ևս մեկ անգամ՝ մրցաշարի քառորդ եզրափակչից հետո:
ՖԻՖԱ-ն այս նորամուծությանը գնում է մասնակիցների թվի ընդլայնման պատճառով, ինչը հանգեցրել է ԱԱ-ի 1/16 եզրափակիչ փուլի ստեղծմանը: Քանի որ հանդիպումների քանակն ավելանում է, բնականաբար, մեծանում են նաև ֆուտբոլիստների որակազրկման ռիսկերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱԱ-2026-ում VAR համակարգը լրացուցիչ լիազորություններ կստանա: Մասնավորապես, մրցավարները կկարողանան վերանայել խաղացողի հեռացման հանգեցնող երկրորդ դեղին քարտի հետ կապված վիճելի դրվագները: Մինչ այս, տեսակրկնությունների համակարգին միջամտել թույլատրվում էր միայն ուղիղ կարմիր քարտի կասկածի դեպքում:
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կտևի ռեկորդային 39 օր՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը, ընդհանուր առմամբ կանցկացվի 104 հանդիպում: