«Ռեալում» գնալով ահագնանում են կասկածները գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի ապագայի վերաբերյալ։ Ակումբում տիրող իրավիճակի մասին հաղորդում է The Athletic պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, ի սկզբանե լիովին համոզված չի եղել, որ Արբելոան պատրաստ է նման պատասխանատու դերի։ Այդուհանդերձ, որոշվել է նրա կատարած աշխատանքի վերաբերյալ վերջնական եզրակացություններ անել միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Մարզչի դրությունը բարդանում է ոչ միայն թիմի անկայուն արդյունքների, այլև կոլեկտիվում տիրող ներքին լարվածության պատճառով։ Մասնավորապես, տարաձայնություններ են առաջացել Արբելոայի և թիմի ավագ Դանի Կարվախալի միջև. վերջինս դժգոհ է իրեն հատկացվող խաղաժամանակի չափից։ Բացի դրանից, կիսապաշտպան Դանի Սեբալյոսը դուրս էր մնացել «Բետիսի» դեմ խաղի հայտացուցակից։ Ներքին աղբյուրների փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը մեծ հավանականությամբ ամռանը կհեռանա ակումբից։
Նշվում է նաև, որ ֆուտբոլիստների մի մասը դժգոհ է ստեղծված իրավիճակից՝ մարզչի մոտեցումները կազմի ընտրության հարցում համարելով կանխակալ։