ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը պայմանավորվել են մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Կողմերն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։
Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Ասրյանը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում։
Փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում Չաուհանը բանակցություններ էր վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Կողմերը քննարկել էին երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։
2024 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներմուծողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հնդկաստանից Հայաստանի զենքի ընդհանուր ներմուծումը ընթացիկ 2024-25 ֆինանսական տարվա սկզբին հասել է 600 մլն դոլարի։
