«12 լցակայան եմ անցել» և «լավ է բենզինով քշեմ»․ հարցում՝ հեղուկ գազի մասին

Հայաստանի լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ և գների աճ է նկատվում։ Խնդիրը պայմանավորված է Վերին Լարսի անցակետում տեղի ունեցած փլուզմամբ, ինչը հանգեցրել է լոգիստիկ ընդհատումների։

Չնայած վաղ առավոտից գազալցակայաններում գազը ապառվում է՝ Էկոնոմիկայի նախարարությունից հորդորել են խուճապի չմատնվել՝ հավաստիացնելով, որ խնդիրը ժամանակավոր բնույթ ունի։ Նախարարությունից պնդում են, որ խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ՝ ընդունելով, որ առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

Նախարարությունից նաև խոստացել են, որ շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո՝ անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները նվազեցնելու համար։

Խնդրին նաև անդրադարձել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ վարորդներն ստիպված են ֆեյսբուքյան խմբերի միջոցով տեղեկություններ փնտրել վառելիքի առկայության վերաբերյալ։

Վարրորդները հայտնել են, որ ստեղծված իրավիճակում շատ լցակայաններ սպասարկում են միայն նախապես կտրոններ գնած քաղաքացիներին։

Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ պարզելու, թե ինչպե՞ս են վարորդները լուծում վառելիքի հարցը, ի՞նչ գնով են ձեռք բերում հեղուկ գազը և որքանո՞վ է այս իրավիճակն ազդել նրանց բյուջեի վրա։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն, անկախ այն հանգամանքից՝ մեքենա վարում է, թե ոչ կամ ի՞նչ վառելիք է օգտագործում, դժգոհել է հեղուկ գազի գնի թանկացման համար։

Նրանք անհանգստություն են հայտնել, որ ցանկացած թանկացում, այդ թվում՝ վառելիքինը, անհետևանք չի մնում քաղաքացիների բյուջեի վրա։

«Վարորդ չեմ, գազից չեմ օգտվում, բայց որ թանկություն է, լավ չի»,- ասել է մի քաղաքացի։

Երևանում հարցմանը մասնակցած քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ երեկ կարողացել են հեղուկ գազ գնել Արմավիրից և Էջմիածնից՝ 250-270 դրամի սահմաններում՝ կանխիկ վճարմամբ։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ մեծ դժվարությամբ և բարձր արժեքով մեքենան լիցքավորել է Երևանում։

«Էրեկ չէ առաջին օրը 12 հատ կալոնկա եմ անցել Երևանում, միամիտ Կիլիկիայից լցրել եմ, բայց 270 դրամով։ Տաքսու վարորդ եմ, ազդում է բյուջեի վրա։ Առաջ 120-130 դրամ էր, հիմա՝ 270 դրամ»,- տեղեկացրել և դժգոհել է քաղաքացին։

Հարցված քաղաքացիներից ընդամենը մեկն է բնական համարել հեղուկ գազի թանկացումը, ինչը նրան չի անհանգստացնում, քանի որ երկրում այս պահին ավելի լուրջ խնդիրներ է տեսնում։

«Եթե Պարսկաստանում և Ամերիկայում թանկացել է, բնական է, այստեղ էլ պիտի թանկանա, զարմանալի ոչինչ չկա։ Ես մեքենա չունեմ, դա ինձ բոլորովին չի անհանգստացնում։ Ինձ ավելի լուրջ խնդիրներ են անհանգստացնում՝ ընտրությունները և դրա հետևանքները»,- այսպես է արտահայտվել քաղաքացին։ 

Հարցված վարորդների մի մասն ավելի արդյունավետ է համարել հեղուկ գազի փոխարեն մեքենան վարել բենզինով, քանի որ հեղուկ գազը կա՛մ չկա, կա՛մ շատ թանկ է և այդ տեսանկյունից քիչ է զիջում բենզինին։

«Երբ որ նայում ես հեղուկ գազի գները՝ 270, 250 դրամ, ավելի լավ է բենզինով քշելս քան հեղուկով»,- կարծիք է հայտնել մի այլ քաղաքացի։

Հեղուկ գազի վերջին օրերի թանկացումից ու դեֆիցիտից հիմնականում դժգոհել են տաքսի վարող քաղաքացիները, քանի որ երբեմն դա նրանց ապրուստի հիմնական կամ միակ աղբյուրն է։

«Վերջին անգամ երեկ եմ լցրել Էջմիածնից՝ 270 դրամով։ Էնքան որ անուն ենք հանում, թե գործի ենք, իրականում կալոնկի տերերի համար ենք աշխատում»,- վիճակն այսպես է նկարագրել մի այլ քաղաքացի, որը տաքսի է վարում։

Հեղուկ գազի գնի և առկայության մասին հետաքրքրվեցինք նաև Կենտրոնում գործող Gulf լցակայանից։ Հարցման պահին հեղուկ գազ չունեին․ առավոտյան ժամը 7-ին այն վերջացել էր։

«Ներկա պահին չունենք հեղուկ գազ, գիշերն ենք ունեցել, 229 դրամով կանխիկ և անկանխիկ վաճառել ենք անսահմանափակ ծավալով։ Մոտավորապես 2-3 օր է, ինչ այս վիճակն է, պատճառներից տեղյակ չեմ, բայց ասել են, որ վաղը կամ մյուս օրը արդեն կլինի»,- այս տեղեկությունը մեզ փոխանցեց լցակայանի աշխատակիցը։

Հեղուկ գազի, ինչպես նաև մյուս վառելիքների գնաճից կամ դեֆիցիտից չդժգոհեց միայն մի քաղաքացի, որը, որպես փոխադրամիջոց, նախընտրել է հեծանիվը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment