Հեղուկ գազի շուկայի տատանումները. դեֆիցիտի պատճառներն ու վարորդների արձագանքը

Երևանի և մարզերի վարորդները դժգոհում են հեղուկ գազի պակասից և գների աճից, մինչդեռ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին չտրվել խուճապի՝ պնդելով, որ ամբողջական դեֆիցիտի մասին խոսք լինել չի կարող։

Գերատեսչության պարզաբանմամբ՝ «Վերին Լարս» անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող բեռնատարների մի մասի մուտքը Հայաստան ուշացել է, ինչն էլ խաթարել է մատակարարումների բնականոն ռիթմը։

Նախարարությունում ընդգծել են, որ թեև առանձին լցակայաններում հնարավոր են ժամանակավոր ընդհատումներ, սակայն շուկայում վառելիքի ընդհանուր դեֆիցիտ չկա։

Ինչպես Armenia Today-ին պատմել են վարորդները, գազի առկայության դեպքում դրա արժեքը նախկին 190-200 դրամի փոխարեն բարձրացել է՝ հասնելով 250-260 դրամի՝ 1 լիտրի համար։ Մի շարք ցանցային լցակայաններում վառելիքը բաց է թողնվում բացառապես նախապես գնված կտրոնների առկայության դեպքում, իսկ նոր կտրոնների վաճառքը ժամանակավորապես սահմանափակված է։

Մեր զրուցակիցները նշել են, որ իրավիճակը պահպանվում է արդեն մոտ մեկ ամիս՝ Լարսում տեղի ունեցած փլուզումից հետո։

Armenia Today-ին վարրորդներից մեկը նաև պատմել է, որ Երևանում 12 լցակայան անցնելուց հետո է միայն հաջողվել մեքենան լիցքավորել 1 լիտրով, որի համար վճարել է 270 դրամ։

Վարորդների ձևակերպմամբ՝ նման պայմաններում հեղուկ գազով երթևեկելն արդեն քիչ է զիջում բենզինին, իսկ թանկացումն առաջին հերթին հարվածում է տաքսու վարորդների բյուջեին, որոնց համար սա ապրուստի միակ միջոցն է։

Մայրաքաղաքի կենտրոնում գործող Gulf լցակայանից Armenia Today-ին հայտնել են, որ հարցման պահին հեղուկ գազ չունեն. պաշարները սպառվել էին դեռ վաղ առավոտյան։ Ըստ աշխատակցի՝ վերջին օրերին վառելիքը վաճառել են 229 դրամով՝ առանց սահմանափակումների, սակայն մատակարարման ընդհատումները շարունակվում են արդեն մի քանի օր։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ պետական կառույցները մշտական կապի մեջ են ներմուծողների և գործընկերների հետ՝ կայուն մատակարարումները հնարավորինս արագ վերականգնելու նպատակով։

Գերատեսչությունից նաև զգուշացրել են, որ գների վրա կարող են ազդել ինչպես լոգիստիկ խնդիրները, այնպես էլ միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ վստահեցրել են, որ իրականացվում է մշտադիտարկում՝ անհիմն գնաճն ու սպեկուլյացիաները կանխելու համար։

Խնդրին անդրադարձել էին նաև ընդդիմության ներկայացուցիչները։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ վարորդներն ստիպված են Facebook-յան խմբերի միջոցով տեղեկություններ փնտրել այն լցակայանների մասին, որտեղ դեռ վառելիք կա։

Հիշեցնենք, որ Հայաստանը հեղուկ գազի հիմնական ծավալները ներմուծում է Ռուսաստանից՝ ցամաքային ճանապարհով, իսկ Իրանից ներմուծման ծավալները մնում են սահմանափակ և էական ազդեցություն չեն ունենում դեֆիցիտի պարագայում։

Leave a Comment