Շրի Լանկայի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաք Կոլոմբոյի միջազգային օդանավակայանում ձերբակալվել են բուդդայական վանական ձևացող 22 անձինք, որոնք իրենց ուղեբեռներում տեղափոխում էին ավելի քան 110 կիլոգրամ կանեփ։ Սա համարվում է երկրի օդանավակայաններում արձանագրված թմրամիջոցների ամենախոշոր առգրավումներից մեկը։ Իշխանությունների տվյալներով՝ տղամարդիկ վերադառնում էին Թաիլանդից։ Յուրաքանչյուր ճամպրուկում հայտնաբերվել է ավելի քան 5 կգ կանեփ. թմրանյութերը թաքցված են եղել ուղեբեռների հատուկ ձևափոխված գաղտնի հատակներում։
Գործողությունն իրականացվել է ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Առգրավված թմրանյութերի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 3,45 միլիոն դոլար։ Շրի Լանկայում թմրանյութերի հետ կապված հանցագործությունները խստորեն են պատժվում, իսկ օդանավակայաններում կիրառվում են հատուկ տեխնոլոգիաներ՝ նման բեռները հայտնաբերելու համար։ Ոստիկանությունը չի բացառում, որ դեպքը կարող է կապված լինել թմրաշրջանառության տեղական ցանցերի հետ։ Սա առաջին դեպքն է, երբ Շրի Լանկայում թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվում են բուդդայական վանականի հանդերձանքով անձինք։
Ըստ նախնական տվյալների՝ խումբը բաղկացած է եղել տարբեր շրջաններից ժամանած երիտասարդներից, որոնք Թաիլանդ էին մեկնել ապրիլի 22-ին՝ հովանավորի տրամադրած տոմսերով։ Գործով քննությունը շարունակվում է, իսկ ձերբակալվածներն առաջիկայում կկանգնեն դատարանի առաջ։
