Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում

Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում

Մայիսի 4-ին Երևանը կդառնա եվրոպական մայրցամաքի քաղաքական էպիկենտրոնը։ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի 48 պետությունների առաջնորդների՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո։

Առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի նիստին որպես հյուր կմասնակցի ոչ եվրոպական երկիր՝ Կանադան՝ ի դեմս վարչապետ Մարկ Քարնիի։

EPC գագաթնաժողովին անմիջապես հաջորդելու է պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը (մայիսի 4-5)։ Միջոցառումը կգլխավորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի փուլում առաջնորդների քննարկման կիզակետում կլինեն երեք հիմնասյուներ.

  • Ժողովրդավարական դիմակայունություն. ինստիտուտների ամրապնդումը փոփոխվող աշխարհում։
  • Կապուղիների զարգացում (Connectivity). տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների ընդլայնում։
  • Էներգետիկ և տնտեսական անվտանգություն. Եվրոպայի կախվածության նվազեցում և տնտեսական կայունության ապահովում։

Իրադարձությունների ժամանակացույցը (մայիսի 4).

  • 09:00 – Հյուրերի ժամանում և «կարմիր գորգ»։
  • 10:45 – Բացման արարողություն և ավանդական «ընտանեկան լուսանկար»։
  • 11:30 – Լիագումար նիստի մեկնարկ։
  • 12:45 – 16:00 – Ամենաակտիվ փուլ. կլոր սեղաններ, ինչպես նաև առանցքային երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, որտեղ սովորաբար կայացվում են կուլիսային կարևոր որոշումներ։
  • 16:30 – Ամփոփիչ հայտարարություններ մամուլի համար։

Բացի ԵՄ 27 անդամներից, Երևան կժամանեն առաջնորդներ Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Վրաստանից և Բալկանյան երկրներից։ Հրավիրյալների ցանկում է նաև Ադրբեջանը։

Նշենք, որ երևանյան հանդիպումից հետո Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանգրվանը կլինի Իռլանդիան (2026 թ. նոյեմբեր)։

Leave a Comment