ՀՀ կենսաչափական նոր անձնագրերը կլինեն կարմիր, խորհրդանիշներով էջերում՝ առանց Արարատ լեռան, վկայում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի տեսանյութը։
Վարչապետը և նախարարը ներկայացրել են կենսաչափական անձնագրերի դիզայնը, ըստ որի՝ Արարատ լեռը միայն անձնագրի առաջին էջում է՝ ՀՀ զինանշանի վրա։
Առանձին էջերով ներկայացված են մարզերը՝ իրենց խորհրդանիշներով։ Էջերից մեկում Խոր Վիրապի վանքն է, որի հետնամասում ոչ թե Արարատ լեռն է, ինչպես իրականում է, այլ Արարատյան դաշտավայրը։
Խորհրդանիշներ պարունակող էջերում ներառվել են նաև Արագած լեռը, Հայաստանի ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը, առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Անձնագրի էջերում նաև Հայկ նահապետը, Կասկադը, լավաշ թխելու արարողությունը, ժայռապատկերներ, Էրեբունի ամրոցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Գառնու տաճարը, ինչպես նաև պետական կառույցներ՝ այդ թվում՝ ՀՀ կառավարություն, նախագահի նստավայր։
Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ կենսաչափական անձնագրերը ՀՀ քաղաքացիներին հասանելի կլինեն 2026-ի աշնանը։
Նշենք, որ գործող կապույտ անձնագրերում Արարատ լեռը ոչ միայն զինանշանի վրա է, այլև որպես ՀՀ խորհրդանիշ ներառված է էջերում։ Այդուհանդերձ՝ 2025-ի նոյեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս Արարատ լեռան պատկերը չկա։
Կառավարության այս քաղաքանությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին է։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2025-ին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։
1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո Արարատ լեռն անցել է Թուրքիայի տիրապետության տակ և Թուրքիայի պաշտոնական մասն է համարվում 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։
Կարդացեք նաև՝
ՀՀ-ում 2027-ից պետք է ներդրվեն անհպում սահմանային անցման ուղիներ․ Փաշինյան
Հայաստանում նույնականացման քարտերը պարտադիր կդառնան 16 տարին լրացած անձանց համար
