Ռուսաստանում դադարեցրել են «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը – armeniatoday.am

Ռուսաստանի պետական ​​«Անկեղծ նշան» պիտակավորման համակարգը կասեցրել է հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը թե՛ առցանց, թե՛ սովորական խանութներում, հայտնել է RBC-ն:

Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (պիտակավորման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը կայքին հայտնել է, որ շրջանառության մեջ էր 338 000 շիշ, որոնք այժմ արգելափակված են ստուգման համար։

Կասեցումը պայմանավորված է «Ռոսպոտրեբնադզորի» նամակով, որում գործակալությունը նշել է «անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար»: Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» են։

Արգելվել են 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով ապրանքները: Յուսուպովի խոսքով՝ «դրանք սպառողներին չեն հասնի մինչև ստուգման ավարտը»։

2024-ի փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկի» մի քանի խմբաքանակի վաճառքը՝ գործարարի մահվան հաղորդումից հետո։ ՌԴ-ում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։

«Ջերմուկ գրուպը»-ը 2024-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ բացառել էր «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը։ ՀՀ ՍԱՏՄ-ն «անհիմն» և «տարակուսելի» էր որակել «Ռոսպոտրեբնադզորի» որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել:

2025-ի հունվարին «Կոմերսանտը» գրել էր, որ Գուսովի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցելու պահանջով հայց էր ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին՝ ՍԱՏՄ-ի փաստաթղթերով ապացուցվել է, որ հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։

Leave a Comment