Սպիտակ տունը պատրաստվում է առաջիկա օրերին ներկայացնել իր պաշտոնական պատասխանն ու հակաառաջարկները Իրանի կողմից ստացված նախաձեռնությանը, որը վերաբերում էր ռազմական գործողությունների դադարեցմանը։
Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկյան անանուն պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Թեհրանի առաջարկից և դրան վերաբերվում է ծայրահեղ սկեպտիցիզմով։ Վարչակազմի դժգոհության առանցքային պատճառն այն է, որ իրանական կողմի ներկայացված փաստաթղթում որևէ անդրադարձ չկա իսլամական հանրապետության միջուկային ծրագրին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Անաքչիի կողմից Պակիստանի միջոցով փոխանցված առաջարկը Սպիտակ տանը քննարկվել է երկուշաբթի օրը՝ նախագահի և նրա խորհրդականների մասնակցությամբ։
Ըստ աղբյուրի՝ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ ներկայիս տեսքով առաջարկն իրեն դուր չի գալիս, քանի որ այն չի լուծում Վաշինգտոնի համար ռազմավարական նշանակություն ունեցող հիմնարար խնդիրները։
Այսպիսով, չնայած Թեհրանի փորձերին՝ հասնելու հրադադարի կամ ռազմական լարվածության թուլացման, Վաշինգտոնը շարունակում է պնդել համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կներառի նաև միջուկային զսպման մեխանիզմներ։
