«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պատմել է Հրազդան իր այցից ստացած տպավորությունների մասին։ Նրա խոսքով՝ տեղի ամենամեծ գործարանը՝ Հրազդան ցեմենտը, որը կարող է տարեկան 1 միլիոն տոննա ցեմենտ արտադրել, փակվել է, սակայն իշխանությունները ոչինչ չեն արել այն վերականգնելու համար։
«Ո՛չ ներդրողներ է բերել, ո՛չ լավ պայմաններ է ապահովել վերազինման համար։ Այսօր 450 մարդ, որը Հրազդանի համար շատ մեծ քանակ է, չի ստացել աշխատավարձերը և աղքատության շեմին է»,- նշել է Կարապետյանը։
Ըստ նրա՝ այժմ ՀՀ-ն Իրանից ներկրում է 30 միլիոն դոլարի ցեմենտ, որը կարոող էր արտադրվել տեղում, իսկ մնացած
գումարը կարող էր ծախսել աշխատավարձի վրա։
Կարապետյանի խոսքով՝ նույն վիճակն է Ալավերդի քաղաքում, որտեղ միակ արդյունաբերական գործարանը՝ պղնձաձուլարանը փակել են այն դեպքում, երբ երկիրն ունի պղնձի մեծ պաշար ու չունի ձուլարաններ։ Նա հավաստիացրել է որ «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գալու պարագայում կվերաբացի այս արտադրական ձեռնարկությունները, քանի որ ՀՀ-ին այդպիսիք անհրաժեշտ են։
Հունվարին Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։
«Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:
Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
