Հեզբոլլահը կտրուկ մերժում է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները. Քասեմ

Հեզբոլլահը կտրուկ մերժում է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները.  Քասեմ

«Հեզբոլլահ» խմբավորման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը երկուշաբթի օրը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով Լիբանանի կառավարությունից անհապաղ դադարեցնել ուղիղ բանակցությունները Իսրայելի հետ և վերադառնալ անուղղակի ձևաչափին։

Նրա պնդմամբ՝ ուղիղ բանակցություններն ու դրանց արդյունքները խմբավորման համար գոյություն չունեն և որևէ կերպ չեն սահմանափակում իրենց գործողությունները։

Քասեմը մեղադրել է Լիբանանի կառավարությանը «երկրի իրավունքները վատնելու» և «իսրայելական թշնամու հետ կողք կողքի սեփական ժողովրդի դեմ գործելու» մեջ։ Նա նաև պահանջել է չեղարկել մարտի 2-ի որոշումը, որով «Հեզբոլլահը» և նրա անդամները ճանաչվել են հանցավոր, նշելով, որ առանց այդ քայլի՝ ներքին երկխոսությունն անհնար է։

Խմբավորման առաջնորդը վստահեցրել է, որ «Հեզբոլլահի» դիմադրությունն անպարտելի է, և իրենք չեն նահանջելու՝ անկախ Իսրայելի սպառնալիքներից։ Քասեմը նաև հայտարարել է շիաական այլ ուժերի, մասնավորապես՝ «Ամալ» շարժման հետ համագործակցության մասին՝ նշելով. «Ինչպես միասին դիմադրել ենք, այնպես էլ միասին կվերակառուցենք»։ 

Նրա խոսքով՝ խմբավորումը թույլ չի տա, որ Իսրայելը մնա լիբանանյան հողի որևէ հատվածում և կշարունակի պատասխանել «իսրայելական ագրեսիային»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment