«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարել է, որ դատի կտա «Անկախ դիտորդ»-ին ու նրա անդամ Դանիել Իոաննիսյանին։ Նա այս մասին խոսել է ապրիլի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Կազմակերպությունն ապրիլի 22-ին դատական հայց էր ներկայացրել վարչական դատարան «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումները որակելով բարեգործության արգելքի խախտում։ Ըստ կազմակերպության՝ հիմնադրամն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ (Հակոբյանը ՔՊ ղեկավարի քաղաքացիական կինն է) և ըստ այդմ հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։
Հակոբյանը նշել է, որ խախտվել են իր իրավունքները Սահմանադրության և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող մի շարք իրավունքներ, և հայցի բավարարման դեպքում իրեն սպառնում է մինչև 6 միլիոն դրամի չափով տուգանք։
«Սահմանադրության հոդված համար 7-ը ընտրական իրավունքի սկզբունքները սահմանում է: ԱԺ-ի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, մասնավորապես իմ հանդեպ խախտվել է այս հոդվածը։ ԸՕ հոդված համար 4-ը՝ ազատ ընտրական իրավունքը, սահմանում է՝ ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա»,- նշել է նա։
Հակոբյանի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրել ընտրողին քվեարկել որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին։
Հիմնադրամի տնօրենը նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի 3 հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ մարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ըստ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը, իսկ կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամարտահայտությունը, այդ թվում ընտրական գործընթացների համատեքստում։
Հակոբյանի պնդմամբ՝ խախտվել են նաև կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը, ներառյալ նաև հոգեբանական և հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյատիվ միջոցով և դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսևորում։
Նա նշել է, որ Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման հաղորդումը հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով է:
