
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի հիմքում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերն են։ Եթե դատարանը բավարարի դիմումը, հիմնադրամը կարող է ենթարկվել մինչև 6 միլիոն դրամի տուգանքի։
«Անկախ դիտորդ»-ը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ընտրությունների ժամանակահատվածում որոշ կազմակերպությունների կողմից բարեգործական գործունեությունը կարող է դիտարկվել որպես իրավախախտում։ Մասնավորապես, եթե կազմակերպության անվանումը կապվում է ընտրություններին մասնակցող կուսակցության հետ, կամ այն ղեկավարվում է տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից, ապա նման գործունեությունը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն։
Դիտորդական առաքելության գնահատմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամի անվանումը հանրային ընկալմամբ առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ինչի պատճառով ընտրական գործընթացների ընթացքում իրականացվող ծրագրերը կարող են դառնալ իրավական քննության առարկա։