Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հայտարարել է «Առաջին ալիքից» հեռանալու և գործող պայմանագիրը լուծելու մասին՝ մեկնաբանություն գրելով սոցիալական ցանցի իր էջում:
Ըստ նրա՝ նման որոշման պատճառ են դարձել տարաձայնությունները, որոնք ի հայտ են եկել երաժիշտ Լանգ Լանգի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ իրականացրած հարցազրույցից հետո: Թովմասյանի խոսքով՝ այդ հարցազրույցը, որը նախատեսված էր սոցցանցերի համար, դարձել է ղեկավարության դժգոհության առիթ, թեև պայմանագրով նման արգելք չէր սահմանվել։
Հաղորդավարուհու խոսքով՝ բացի այդ հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հանձնարարականով իրեն այլ անձով են փոխարինել հաղորդաշարի մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր:
Թովմասյանը պնդել է, որ տնօրինության որոշումը դուրս է մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված է անձնական գործոններով:
Նա շեշտել է, որ չի պատրաստվում «գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար» և անընդունելի է համարել իր մասնագիտական իրավունքների սահմանափակումը։
Հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնել «Առաջին ալիքի» գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ հույս հայտնելով ապագայում հանդիպել ավելի արդար աշխատանքային մթնոլորտում։
Մովսիսյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ հաղորդավարուհին կվերադառնա «Առաջին ալիք», ինչպես իր կառավարման ժամանակ էր վերադարձել։
Թովմասյանը երկար տարիներ համագործակցել է Հանրային հեռուստաընկերության հետ՝ վարելով տարբեր ժամանցային և մշակութային նախագծեր։
Մի խումբ փաստաբաններ և քաղաքական գործիչներ ապրիլի 3-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով քրեական պատասխանատվություն սահմանել հեռուստաընկերության նկատմամբ՝ եթերի ոչ համարժեք բաշխման և կողմնակալ աշխատանքի համար։
Հեռուստատեսությունն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակմամբ և «Լուրերի» թողարկմանը չէր ցուցադրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
