Իրանի ԱԳՆ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր վաղ առավոտյան՝ պաշտոնական այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ։
Նախատեսված են Արաղչիի հանդիպումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Ի շարունակություն Պակիստան ու Օման կատարած այցերի, կազմակերպվեց նաև այս ուղևորությունը դեպի Ռուսաստան՝ ռուս բարեկամների հետ քննարկելու պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ու ներկա իրավիճակը, ինչպես նաև իրականացնելու անհրաժեշտ համակարգումներ»,- ասել է նա՝ օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում։
Արաղչին հայտարարել է նաև. «Մենք և Օմանը Հորմուզի նեղուցի երկու առափնյա երկրներն ենք, և այս հարցում խորհրդակցությունների կարիք կար։
Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը կարևոր գլոբալ հարց է, և մենք՝ որպես այդ նեղուցը վերահսկող երկու պետություններ, պետք է ունենանք սերտ համակարգում՝ ընդհանուր շահերն ապահովելու համար։ Այս ոլորտում բոլոր գործողություններն ուղղակիորեն առնչվում են Իրանի և Օմանի շահերին։ Փառք Աստծո, մեր տեսակետները համընկնում են, և ձեռք են բերվել համաձայնություններ փորձագիտական մակարդակով խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ»։
