«Ժամանակս՝ ընտանիքիս»․ ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտեց կարիերան – armeniatoday.am

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանել է մարզակոշիկները՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։

Պոկում վարժությունում Հակոբյանը հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով նախ 102 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 106 կգ-ն: Այս վարժությունում նա 9-րդն էր: Հրում վարժությունում նա միայն մեկ մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 125 կգ-ն: Երկամարտի 231 կգ արդյունքով հայ մարզուհին 12-րդն էր:

Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշել է, որ շուրջ 15 տարի է՝ սպորտում է, և այժմ, կարծում է, այդ էջը թերթելու ժամանակն է։

«Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այս տարիներն ինձ կոփեցին. կարելի է ասել՝ իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ծանրամարտն ինձ տվել է հիշողություններ, զարգացրել իմ կամքի ուժը»,- ասել է նա։

Հակոբյանը նշել է, որ, ցավոք, չկարողացավ կարիերան ավարտել այնպես, ինչպես ցանկանում էր:

«Արդեն որոշել էի, որ ավարտելու եմ կարիերաս. կարծում եմ՝ այդ հուզմունքը փոքր-ինչ խանգարեց, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել»,- հավելել է նա։

30-ամյա մարզուհին նշել է, որ այդուհանդերձ մտադիր է մնալ սպորտում:

86 և ավելի քաշային Հակոբյանը 2023-ին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել։

Leave a Comment