Թրամփի մասնակցությամբ ընթրիքին կրակոցներ են հնչել – armeniatoday.am

Վաշինգտոնի Washington Hilton հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել, կա վիրավոր, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ հնչած կրակոցների պատճառով ԱՄՆ Գաղտնի ծառայությունը բեմից տարհանել է նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից որևէ մեկը չի տուժել:

Հրաձգության հետևանքով ԱՄՆ Գաղտնի ծառայության մեկ աշխատակից ստացել է հրազենային վնասվածք, սակայն զրահաբաճկոնը փրկել է նրա կյանքը։ Նշվում է, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

CNN-ի փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են հիմնական անցակետի մոտ, որտեղ տեղադրված են մետաղորսիչներ։ Reuters-ը հավելել է, որ զինված տղամարդը փորձել է ճեղքել հյուրանոցի նախասրահում գտնվող հսկիչ-անցագրային կետը, ինչից հետո անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նրա ուղղությամբ:

Reuters-ի տվյալներով՝ հարձակվողը զինված էր որսորդական հրացանով (դրոբովիկ), ատրճանակով և մի քանի դանակով: Նախնական տվյալներով՝ նա գործել է միայնակ և հանդիսացել է տվյալ հյուրանոցի այցելու։

Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ավելի ուշ գրել է, որ հրաձիգը ձերբակալված է։

«Թող շոուն շարունակվի»,- գրել է նա։

CBS News-ը գրել է, որ կասկածյալը Տորանս քաղաքից 31-ամյա Քոուլ Թոմաս Ալլենն է, որը ձերբակալությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման:

Նշվում է, Ալլենը խոստովանել է, որ մահափորձ էր ծրագրել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների դեմ:

Նախքան միջադեպը նա աշխատել է C2 Education ընկերությունում՝ որպես ուսուցիչ: Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերին Ալլենը 25 դոլարի նվիրատվություն է կատարել Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավին:

Ալլենին արդեն պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել երկու հոդվածով՝ բռնի հանցագործություն կատարելու նպատակով հրազենի կիրառում և հարձակում դաշնային գործակալի վրա՝ վտանգավոր զենքի օգտագործմամբ:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ կասկածյալը դատարանի առաջ կկանգնի առաջիկա երկուշաբթի օրը:

Թրամփը միջադեպի վայրից տարհանվելուց կարճ ժամանակ անց Սպիտակ տանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա չի բացառել, որ հենց ինքն էր հրաձգության հիմնական թիրախը: Միևնույն ժամանակ, Թրամփը կասկած է հայտնել, որ տեղի ունեցածը կարող է որևէ կապ ունենալ Իրանի դեմ իրականացվող ամերիկյան ռազմական գործողությունների հետ:

«Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում»,- հայտարարել է Թրամփը։

Թարմացված է՝ 26.04.2026 | 11:15

Leave a Comment