ԿԳՄՍՆ-ն փոփոխություն է առաջարկում աշակերտական խորհուրդների ձևավորման ընթացակարգում

Iravaban.net-ը, ուսումնասիրելով Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագիծը, հայտնում է, որ առաջարկվում է փոփոխություն կատարել աշակերտական խորհրդների ձևավորման գործող կարգում՝ նպատակ ունենալով բարձրացնել աշակերտական ինքնավարության մարմինների արդյունավետությունը և ապահովել դրանց ավելի վաղ ու լիարժեք գործարկումը դպրոցներում։

Նպատակ և անհրաժեշտություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել 2011 թվականի մայիսի 17-ի N 571-Ն հրամանում։

Փոփոխության հիմնական նպատակն է վերանայել աշակերտական ինքնավարության մարմինների՝ մասնավորապես աշակերտական խորհուրդների ձևավորման և գործունեության ընթացակարգը։

Ներկայում գործող կարգով առաջին ընդհանուր ժողովը հրավիրվում է դպրոցի տնօրենի կողմից սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, ինչը որոշ դեպքերում սահմանափակում է աշակերտական խորհրդի ինքնավար գործելու հնարավորությունը։

 Առկա խնդիրներ

Գործող մեխանիզմը առաջացնում է մի շարք կազմակերպչական խնդիրներ․

աշակերտական խորհուրդը լիարժեք չի ձևավորվում ուսումնական տարվա սկզբին
շուրջ մեկ ամիս խորհուրդը չի կարող իրականացնել նիստեր
սահմանափակվում է ինքնավարության սկզբունքի լիարժեք իրականացումը

Խորհրդի վերջնական կազմը ձևավորվում է միայն սեպտեմբերի 25-ից հետո, ինչը խոչընդոտում է արդյունավետ աշխատանքին։

 Փորձարկված լուծումներ

2025–2026 ուսումնական տարվա ընթացքում նոր մոտեցումը փորձարկվել է մի շարք ուսումնական հաստատություններում՝

Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց
Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց
Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ իրականացված փորձնական ծրագրի արդյունքում աշակերտական խորհուրդները ձևավորվել են արդեն մայիս ամսին։

Սա հնարավորություն է տվել, որ նոր ուսումնական տարվա սկզբից խորհուրդներն արդեն սկսեն աշխատանքը, ինչպես նաև ապահովվել է նախորդ և նոր կազմերի միջև փորձի շարունակական փոխանցում։

 Ակնկալվող արդյունք

Առաջարկվող փոփոխությունները կբերեն հետևյալ արդյունքներին․

աշակերտական ինքնավարության ամրապնդում
խորհրդների գործունեության արդյունավետության բարձրացում
ավելի վաղ ձևավորված և պատրաստ գործարկվող կառույցներ

Իրականացնող մարմին

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Բյուջետային ազդեցություն

Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում և չի առաջացնում այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն։

Leave a Comment