Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել

Կինը, որը մեղադրվում է 1.2 տարեկան երեխային ծեծի ենթարկելու եւ մահվան հասցնելու մեջ, «Հրապարակ»-ի տեղեկություններով 3 անգամ հրաժարվել է փաստաբանից։ Կնոջ հարազատները ահազանգել են ՄԻՊ գրասենյակ, քանի որ մեղադրյալ կնոջ տեսակցություններն արգելված են, որպեսզի ՄԻՊ-ը միջնորդի, վերջինս իրավապաշտպանի ծառայությունից օգտվի և հասկանան, թե իրականում ինչ է կատարվել դեպքի օրը այդ տանը։

ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են մեղադրյալին, փոխանցել հարազատների մտահոգությունն ու խնդրանքը, որ չհրաժարվի փաստաբանից։

Մեր տեղեկություններով, ՄԻՊ -ի ահազանգից հետո միայն հարցաքննվել է մեղադրյալ կնոջ մայրը, ով քննիչին հայտնել է, որ իր աղջիկը ամուսնու կողմից մշտապես ծեծի է ենթարկվել, անգամ մինչև ամուսնությունը և կասկածներ ունի, որ երեխային դաժան ծեծի ենթարկողն էլ փեսան է եղել։

Հիշեցնենք, որ 1.2 տարեկան երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 16-ին: Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է մարտի 21-ին:

1.2 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ):

Leave a Comment