UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն առաջարկել է իր քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիային մենամարտել անմիջապես հունիսի 14-ին կայանալիք Ջասթին Գեյջիի դեմ մենամարտից հետո։
Օրերս Թոփուրիան հայտարարել էր, թե Ծառուկյանն իրեն մրցակից չէ, և հայազգի մարտիկը ոչինչ չի կարող անել օկտագոնում, անգամ՝ իրեն պարտեր տեղափոխել։
«Կտեսնենք, թե ինչ կլինի մենամարտում, կտեսնենք, թե ինչպես նրան չեմ տապալի։ Ես ցանկացածին կարող եմ տապալել։ Իսկ այն խոսակցությունների վերաբերյալ, թե նա ծնոտս կկոտրի՝ թող փորձի ինչ ուզում է։ Պարզապես համաձայնիր մենամարտել»։
Ինչո՞ւ է նա խուսափում մենամարտից, եթե այդքան վստահ է, որ առաջին ռաունդում հեշտությամբ կհաղթի ինձ։ Պարզապես պայմանագիր ստորագրիր Գեյջիի հետ մենամարտից հետո և մի փոխիր քաշային կարգդ։ Ինչո՞ւ բարձրանալ այլ քաշ, եթե ես այդքան հեշտ մրցակից եմ քեզ համար»,-ասել է Արմանը։
Նշենք, որ Թոփուրիան պատրաստվում է բարձրանալ կիսամիջին քաշային կարգ՝ հանուն մեծ մենամարտի UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։ Հաղթանակի դեպքում նա կարող է դառնալ UFC-ի չեմպիոն երեք տարբեր քաշային կարգերում, սակայն Ծառուկյանը վստահ է, որ ի չիք կդարձնի իսպանացի մարտիկի պատրանքները կամ էլ կվերջացնի նրա գործը Մախաչևից հետո։
«Նա իրեն պահում է անպարտելի գերաստղի պես, բայց դա այդպես չէ։ Ես նրան երկնքից կիջեցնեմ հողին։ Եթե նա բարձրանա այլ քաշային կարգ, ամեն ինչ նորմալ է։ Իսլամը նրա հախից կգա, նա կվերադառնա, այնուհետև ես նրա հախից կգամ, ու վերջում UFC-ն նրան դուրս կշպրտի»,-ավելացրել է հայ մարտիկը։
Ծառուկյանն անարձագանք չի թողել նաև Թոփուրիայի հնչեցրած անձնական վիրավորանքներն ու իրեն «հիմար» անվանելը։
«Ես տղամարդ եմ, իսկ նա՝ ոչ։ Նա սափրում է իր հետույքը, ձեռքերն ու ոտքերը։ Ես, համենայնդեպս, տղամարդ եմ ու նման բաներ չեմ անում,- եզրափակել է Ծառուկյանը։