Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքից բխող կանխավճարների և վճարահաշվարկային տվյալների փոխանակման կարգերի սահմանման մասին կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է մաքսային միասնական հաշվին կանխավճարների մուտքագրման նոր կարգերի սահմանման և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններից տեղեկությունների ստացման գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ։
Առաջարկվող կարգավորումները՝
Նախագծով նախատեսվում է սահմանել կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակներն ու ընթացակարգերը, մաքսային մարմիններին վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման ժամկետներն ու հասանելիության կարգը, նոր մեխանիզմներ՝ մաքսային վճարումների վերաբերյալ տվյալների փոխանակման և վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։
Նշվում է, որ փոփոխությունները բխում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքում կատարված օրենսդրական փոփոխություններից, ինչպես նաև դրանց կիրարկումն ապահովող կառավարության և վարչապետի որոշումներով նախատեսված միջոցառումներից։
Միաժամանակ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի մայիսի 27-ի N 883-Ն որոշումը՝ որպես գործող նոր կարգավորումներով փոխարինվող իրավական ակտ։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
- հստակեցնել մաքսային միասնական հաշվին կանխավճարների մուտքագրման ընթացակարգերը.
- ապահովել մաքսային մարմինների և վճարահաշվարկային կազմակերպությունների միջև տվյալների արդյունավետ փոխանակում.
- բարձրացնել մաքսային վճարումների համակարգի թափանցիկությունն ու վերահսկելիությունը.
- ներդնել նոր, արդիականացված կարգավորումներ մաքսային ֆինանսական հոսքերի կառավարման ոլորտում։
Նախագիծը բխում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի պահանջներից և չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն։