Ո՞ր դեպքում կարող է մերժվել կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումը

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 55-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով վճարողը էլեկտրոնային եղանակով մաքսային մարմիններ է ներկայացնում կանխավճարի վերադարձի դիմումը և համապատասխան փաստաթղթերը: Կանխավճարների վերադարձն իրականացվում է անձի ներկայացրած դիմումի հիման վրա ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ վերադարձի որոշում ընդունելու միջոցով։ Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանում է Կառավարությունը։

Iravaban.net-ը Իրավական ատերի հրապարակման միասնական հարթակում ուսումնասիրել է համապատասխան նախագիծը։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է սահմանել չօգտագործված կանխավճարների վերադարձման նպատակող վճարողի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի մերժման, ինչպես նաև չօգտագործված կանխավճարների վերադարձման մերժման դեպքերը։

Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումը մերժվում է մաքսային մարմնի կողմից հետևյալ դեպքերում՝

  • կանխավճարների վերադարձի դիմումը ներկայացված է լիազորություն չունեցող անձի կողմից.
  • կանխավճարների վերադարձի դիմումը չի պարունակում մաքսային մարմնի կողմից սահմանված տեղեկությունները

Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կանխավճարների վերադարձը մերժվում է հետևյալ դեպքերում՝

  • կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ հայտարարատուի անվամբ առկա են չկատարված՝ վճարման ժամկետ ունեցող մաքսային պարտավորություններ, որոնց մարման համար մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի և վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի տարբերությունը բավարար չէ.
  • կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ հայտարարատուի անվամբ առկա են չկատարված՝ ժամկետանց մաքսային պարտավորություններ․
  • վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարը գերազանցում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա կանխավճարի գումարը․
  • պահպանված չեն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները։

Leave a Comment