Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է սահմանել «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակների և հերթականության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախատեսվում է առաջնահերթություններ սահմանել՝ ըստ մաքսային փաստաթղթերի, ըստ պարտավորությունների ծագման ժամկետների, ըստ վճարի տեսակների։ Նախատեսվում է նաև սահմանել մաքսային պարտավորությունները վճարողի կողմից ինքնուրույն մարման առաջնահերթության ընտրության հնարավորություն։
Iravaban.net-ը տեղեկանում է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակից։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սահմանել մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը՝ համաձայն հավելվածի։
Հավելվածը ստորև՝
Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարներից մաքսային պարտավորության մարում է համարվում օրենսդրությանը համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա պարտավորությունների գումարների հաշվեգրումը մաքսային միասնական հաշվից համապատասխան վճարի գծով եկամուտը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին:
Մաքսային պարտավորություններ վճարողը մաքսային պարտավորությունների մարման նպատակով կարող է մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնուրույն սահմանել այդպիսի պարտավորությունների մարման առաջնահերթությունը՝ նախանշելով այն մաքսային փաստաթղթերի տվյալները, որոնցում հաշվարկված պարտավորությունները պետք է մարվեն առաջնահերթության կարգով:
Մաքսային պարտավորություններ վճարողի կողմից մաքսային պարտավորությունների մարման առաջնահերթությունն ընտրված չլինելու պարագայում՝ մաքսային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ վճարման ժամկետ ունեցող պարտավորությունների առաջնահերթության սկզբունքի:
Այն դեպքում, երբ մաքսային պարտավորությունների՝ օրենսդրությամբ սահմանված վճարման ժամկետները նույնն են, ապա այդպիսի պարտավորությունների մարումն իրականացվում է ըստ ավելի վաղ ծագած պարտավորությունների կատարման առաջնահերթության սկզբունքի:
Միևնույն մաքսային փաստաթղթի հիման վրա ծագած մաքսային անձնական հաշվի քարտում հաշվառված պարտավորությունները կանխավճարի գումարներից մարվում են հետևյալ հերթականությամբ՝
- մաքսային կանոնների խախտման մասով արձանագրված վարչական տուգանքների գումարներ.
- մաքսատուրքերի գծով պարտավորություններ.
- հարկերի գծով պարտավորություններ.
- ներքին շուկայի պաշտպանության միջոցների գծով պարտավորություններ.
- մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի գծով պարտավորություններ.
- պետական տուրքի գծով պարտավորություններ.
- մաքսային վճարների և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի և վճարների մասով տոկոսների գումարներ․
- մաքսային վճարների և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի և վճարների մասով տույժերի գումարներ.
Այն դեպքում, երբ մաքսային պարտավորությունների վճարողին մաքսային մարմնի կողմից անբողոքարկելի դարձած վարչական ակտով առաջադրվել է մաքսային վճարների և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների վճարման պարտավորություն, և (կամ) առկա է վերջինիս կողմից չմարված վարչական տուգանքի պարտավորություն, ապա առաջնահերթ մարվում են տվյալ վարչական տուգանքի, իսկ այնուհետև առաջադրված վճարների պարտավորությունները։
Մարված մաքսային պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական համապատասխան հաշիվներին՝ դրանց մարման օրով: