Նյու Յորքի քաղաքապետը հիշեցրել է Հայոց ցեղասպանության զոհերի և արցախցիների վտարման մասին

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Քվամե Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է նման հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտության մասին, տեղեկանում ենք X-ի էջից։

«Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի»,- գրել է Մամդանին:

Նա հիշեցրել է, որ Օսմանյան կայսրությունում սպանվել է 1,5 միլիոն հայ և նշել, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պետք է աշխարհին հիշեցնել ատելության, անպատժելիության և անտարբերության հետևանքների մասին:

Նյու Յորքի քաղաքապետը նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է տարածաշրջանի հայ բնակչության վրա, իսկ 2023 թվականին ավելի քան 100 000 հայեր վտարվել են Արցախից ցեղասպանական արշավի շարունակության ֆոնին:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։

Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը:

Կարդացեք նաև`

Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի

Դիվանագիտության և հիշողության միջև. ինչպե՞ս է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը

Ուրուգվայից մինչև ԱՄՆ. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին

Leave a Comment