Արաղչին Պակիստան այցի ընթացքում բանակցություններ չի վարի ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ ԶԼՄ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած այցի ընթացքում կքննարկի ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների վերսկսման առաջարկները, սակայն չի հանդիպի ամերիկացի բանակցողների հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին:

Այդ աղբյուրների համաձայն, Պակիստան կատարած իր կարճատև այցի ընթացքում Արաղչին կքննարկի Իրանի առաջարկները ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ, որոնք պակիստանցի միջնորդները կփոխանցեն Վաշինգտոնին:

Իրանի Tasnim լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է, որ Իսլամաբադում Արաղչիի և ԱՄՆ պատվիրակության միջև հանդիպում անցկացնելու ծրագրեր չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հատուկ դեսպանորդներ Սթիվ Ոիտկոֆին և Ջարեդ Քուշներին ուղարկել Իսլամաբադ՝ Արաղչիի հետ բանակցելու համար:

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը: Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարների երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չի կայացել։

Leave a Comment