«Լեսթեր Սիթին» չի կարողացել պահպանել իր տեղը Չեմպիոնշիփում։ Սեփական հարկի տակ «Հալ Սիթիի» հետ գրանցած ոչ-ոքիից (2-2) հետո թիմը կորցրել է վտանգավոր գոտուց դուրս գալու նույնիսկ տեսական շանսերը և հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Անգլիայի երրորդ դիվիզիոնում:
Սա թիմի երկրորդ անընդմեջ ձախողումն է: Նախորդ մրցաշրջանում «Լեսթերը» հանդես էր գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ վաստակել է 25 միավոր, գրավել 18-րդ տեղը և դուրս մնացել առաջնությոնից: Վերջին անգամ «Լեսթերն» Անգլիայի երրորդ դիվիզիոնում հանդես է եկել 2008/09 մրցաշրջանում:
Այս անկումը տեղի է ունենում անգլիական ֆուտբոլի պատմության ամենահիշարժան հաղթանակներից մեկի՝ «Լեսթերի» չեմպիոնությունից ուղիղ 10 տարի անց: Հիշեցնենք, որ 2015/16 մրցաշրջանում Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմը 38 տուրում վաստակեց 81 միավոր՝ 10 միավորով գերազանցելով մոտակա հետապնդողին՝ «Արսենալին» և նվաճեց ԱՊԼ-ի չեմպիոնի պատմական տիտղոսը: