«Անթույլատրելի է». Մոսկվան արձագանքել է Ստեփանակերտի եկեղեցիների քանդմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում Ստեփանակերտում հայկական եկեղեցիների, մասնավորապես՝ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի ավերման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն է հայտնել՝ դա անթույլատրելի համարելով։ Ճեպազրույցն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ը Youtube-ի ալիքում:

«Մենք բազմիցս բարձրացրել ենք հուշարձանների դեմ պատերազմի անթույլատրելիության թեման։ Էլ ո՞վ, եթե ոչ մենք գիտենք, թե ինչ է նշանակում, երբ քո մշակույթի հետ կապված հուշարձանները քանդում են անհիմն կերպով»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միասնական մոտեցման է հետևում՝ մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացումն անթույլատրելի է՝ անկախ այն բանից, թե որտեղ է դա տեղի ունենում։

«Մենք երկակի ստանդարտներ չունենք։ Դա չի կարելի անել և ոչ մի տեղ»,- ընդգծել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին հումանիտար ուղղություն, ներառյալ՝ հարգալից վերաբերմունք ճարտարապետական հուշարձանների և հուշահամալիրների նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Զախարովան հարց է բարձրացրել Երևանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ՝ նշելով, որ տեղյակ չէ՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է եկեղեցիների քանդմանը։

«Վատ չէր լինի նման հարցերն առաջին հերթին ուղղել Հայաստանի ղեկավարությանը»,- հավելել է նա։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը համապատասխան դիմումի դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընկերներին նմանատիպ հարցերի լուծման գործում։

Ադրբեջանը, որն Արցախն օկուպացնելուց հետո վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը, ապրիլին ավերել էր նաև Արցախի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ապրիլի 23-ին անդրադառնալով Ստեփանակերտի մայր տաճարի քանդմանը, հայտարարել էր, որ չի պատրաստվում այդ հարցը դարձնել միջազգային քննարկումների թեմա։

Իր հերթին, միջազգային հանրությանն է դիմել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ կոչ անելով կանգնեցնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։

Leave a Comment