Վրաստանի հայերին արգելել են բողոքի ակցիա անել Թուրքիայի դեսպանատան մոտ

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ իշխանությունները չեն թույլատրել ապրիլի 24-ին Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, խաղաղ ցույց իրականացնել, փոխանցում է «Էխո Կավկազան»։

Համայնքի խորհրդի անդամ Ժանետա Բաղդասարյանը պարբերականին հայտնել է, որ նախատեսված ժամկետներում գրավոր դիմումներ են ուղարկվել Թբլիլիսիի քաղաքապետարան և Ներքին գործերի նախարարություն, սակայն հայցվող վայրում ակցիայի անցկացումը մերժվել է։

Վրաստանի ՆԳՆ-ն մերժումը հիմնավորել է «Ժողովների և մանիֆեստացիաների մասին» օրենքով՝ նշելով, որ պարտավոր է հավասարակշռություն ապահովել հավաքների ազատության և տվյալ տարածքում բնակվող կամ աշխատող անձանց իրավունքների, ինչպես նաև հասարակական անվտանգության ու տրանսպորտի ազատ տեղաշարժի միջև։ Իշխանությունները հայ համայնքին առաջարկել են փոխել ակցիայի վայրը, սակայն համայնքը հրաժարվել է այդ տարբերակից, տեղեկացնում է պարբերականը։

«Հայ համայնքը հրաժարվում է այլ վայրում ակցիա անցկացնելուց։ Մենք չենք դիտարկում միջոցառումը որևէ այլ տարածքում, բացի Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքից։ Ուստի որևէ բան իրականացնել չենք պլանավորում»,- ասել է Բաղդասարյանը։

Համայնքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նման պրակտիկան չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և հարվածում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությանը։ Նրանց խոսքով՝ ակցիայի նպատակն էր պատմական հիշողության պահպանումը և Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը։

Կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն բավարարել էր համայնքի մեկ այլ դիմում և թույլատրել ապրիլի 23-ի երեկոյան անցկացնել ջահերով երթ՝ «Իսանի» մետրոյի կայարանից մինչև Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցու բակ։

Երևանում ապրիլի 23-ին կայացել էր ավանդական ջահերով երթ, որի ընթացքում այրվել էր Թուրքիայի դրոշը։ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, միջոցառման մասնակիցներն Ադրբեջանի դրոշը չեն այրել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի դատապարտել էր Թուրքիայի դրոշի այրումը։

Կարդացեք նաև՝

Դիվանագիտության և հիշողության միջև. ՀՀ արտաքին քաղաքականության վերափոխումը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում 

Leave a Comment