Կանենք առավելագույնը՝ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար. Դավիթ Խաժակյան

Այսօր Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իր անունը ցուցակում չկա։

«Ես այս ընտրություններին կուսակցության լիազոր ներկայացուցիչն եմ։ Դա եղել է թիմի հետ քննարկված իմ անձնական որոշումը։ Այս փուլում, կարծում եմ, իմ մասնակցությունը և ներկայացվածությունը ԿԸՀ-ում ավելի նպատակահարմար է»,- ասաց նա։։

Խաժակյանը նաև ընդգծեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության շանսերը գնահատողը լինելու է ՀՀ քաղաքացին՝ ելնելով իրենց այն աշխատանքից, որ տարվել է մինչ այսօր։

«Իսկ ի տարբերություն մասնակից շատ ուժերի՝ «Լուսավոր Հայաստան»-ը շատ ակտիվ ներգրավվածութուն է ունեցել հանրային քաղաքական կյանքում։ Ամենակարևորը՝ մեզ մոտ 5 տարվա ընթացքում որևէ մակարդակում հովհարային անջատումներ չեն գրանցվել»,- բազմանշանակ ասաց Դավիթ Խաժակյանը։

Կրկին անդրադառնալով չառաջադրվելու իր որոշմանը՝ նա  նշեց՝ իր համար հոգեհարազատ ոլորտը եղել է քաղաքային տնտեսությունը, և հիմա էլ պարտադիր չէ, որ կուսակցությունում բոլորը հավակնեն նույն կարգավիճակին։

«Կա վերաբաշխում, ունեմ հարազատ ոլորտը»,- ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ քաղաքական գործունեությանը զուգահեռ՝ ինքը մշտապես և հիմա էլ զբաղված է ID ոլորտում։

Դավիթ Խաժակյանը շեշտեց՝ իրենց առաջնային խնդիրն է ՔՊ-ին իշխանությունից հեռացնելը, և թե ինչպես դա իրենց կհաջողվի, ցույց կտա ստացած քվեների թիվը։

«Ես վստահ եմ, որ կանենք առավելագույնը, որ դա տեղի ունենա»,- ասաց նա։

Հարցին՝ պնդո՞ւմ է, որ «Լուսավոր Հայաստան»-ը չի մասնակցում ընտրություններին՝ ձայների փոշիացման նպատակով, Խաժակյանը հստակ պատասխան չտվեց՝ միայն հավելելով, որ կրեատիվ լուծումներ կտեսնենք քարոզարշավի ժամանակ։

Leave a Comment