Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ընտրությունների նախաշեմին շարունակել է կոշտ հռետորաբանությունն ընդդիմության հասցեին՝ ապրիլի 17-ին մրցակիցներին և նրանց կողմնակիցներին անվանելով «շուն ու շանգյալ»։
Մեկնաբանելով ընդդիմադիրներին վերագրվող ենթադրյալ ընտրակաշառքին առնչվող վարույթը՝ Փաշինյանը հայտարարել է․ «Եթե ասեմ՝ «այդ ուժերը» կանցնեն ԱԺ, նշանակում է՝ մտքովս անցկացնեմ՝ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ» կա»։
Ավելի ուշ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշել էր, որ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով վարքագծի կանոնների խախտման մեղադրանքով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ, քանի որ «շուն ու շանգյալ» արտահայտությունը վիրավորանք է իշխանության քաղաքական մրցակիցների, ընդդիմության և նրանց սատարող քաղաքացիների նկատմամբ։
Armenia Today-ը հարցում է անցկացրել՝ պարզելու՝ ի՞նչ են կարծում քաղաքացիները վարչապետի այդ արտահայտության մասին, արդյոք վիրավորվել են դրանից, և ո՞րն է այսպիսի բառամթերքով խոսելու պատճառը։
Հարցվածների մեծ մասը քննադատել է ոչ միայն «շուն ու շանգյալ» արտահայտությունը՝ քաղաքական և հասարակության շրջանում առհասարակ անընդունելի համարելով վիրավորական, պիտակավորող բառապաշարը։
«Մարդն ամենաբարձր արժեքն է, ու ես գտնում եմ, որ պատժել է պետք նրանց, ովքեր կարող են մարդկանց վարկաբեկել, այսինքն՝ արժեզրկել»,- այսպիսի կարծիք է հայտնել մի քաղաքացի։
Հարցին, թե ինչո՞ւ է նման բառապաշար տարածված քաղաքական դաշտում, քաղաքացիները տարբեր կարծիքները են հայտնել։ Ոմանք կարծում են, որ նախընտրական վիճակը նյարդային է դարձրել քաղաքական գործիչներին, որոշները կրթական համակարգի թերացում են համարում, մի մասն էլ գտնում է, որ դա անպատժելիության հետևանք է։
«Ով ինչ ուզում է՝ անում է, որովհետև անպատժելիությունը շատ է»,- ասել է հարցման մասնակիցներից մի քաղաքացի։
Ոմանք «շուն ու շանգյալ» և նմանօրինակ արտահայտություն հնչեցնողներին նույն բնույթի արտահայտություններով են արձագանքում, ոմանք էլ հակառակը՝ խորհուրդ են տալիս խմբագրել բառապաշարը և ավելի հանդուրժողական մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ։
«Պետք է հանգիստ, հանդարտ և ավելի հանդուրժողական լինեն։ Վերջիվերջո, ցիվիլ ձևով ընտրություններ են լինելու»,- քաղաքացիներին և քաղաքական գործիչներին այսպիսի խորհուրդ է տվել մի քաղաքացի։
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք էլ իրենց չէին վերագրում և չէին վիրավորվում վարչապետի այդ արտահայտությունից, քանի որ վերջինս, ըստ նրանց, «շուն ու շանգյալ» արտահայտությունն արել է՝ մեջբերելով այն ընդդիմադիրների խոսքից։
«Վարչապետը ուրիշի խոսքերը մեջբերեց, դրանք իր խոսքերը չէին։ Իրենք ավելի շատ շուն ու շանգյալ են, քան՝ քաղաքացիները»,- կատարվածն այսպես է մեկնաբանել մի ուրիշ քաղաքացի։
Քաղաքացիների մի մասն էլ առհասարակ կա՛մ չէր լսել հնչած «շուն ու շանգյալ» արտահայտությունը, կա՛մ չի ցանկացել մեկնաբանել այն։
Մանրամասները՝ տեսանյութում:
