Ֆլորիդայում հետաքննում են ChatGPT-ի հնարավոր կապը զանգվածային հրաձգության հետ

ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել OpenAI ընկերության և նրա ChatGPT արհեստական բանականության գործիքի նկատմամբ։ Ընկերությունը կասկածվում է զանգվածային հրաձգություն իրականացրած անձին «զգալի խորհրդատվություն» տրամադրելու մեջ, հայտնել է The Guardian-ը։

Նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմեյերը ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գերատեսչությունը դատական ծանուցագրեր է ուղարկել տեխնոլոգիական հսկային։ Հետաքննության նպատակն է պարզել, թե որքանով է չաթ բոտն ազդել ենթադրյալ հանցագործի որոշումների վրա։

«Եթե էկրանի մյուս կողմում լիներ ոչ թե ծրագիր, այլ մարդ, մենք նրան սպանության մեղադրանք կառաջադրեինք», – հայտարարել է Ութմեյերը։

Հետաքննության առիթն անցյալ տարվա ապրիլին Ֆլորիդայի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգությունն է, որի հետևանքով զոհվել էր երկու, վիրավորվել՝ վեց մարդ։ Ըստ իրավապահների՝ հրաձգության մեջ մեղադրվող Փենիքս Իկները հանցագործությունից առաջ «մշտական կապի մեջ է եղել ChatGPT-ի հետ»։

Նշվում է, որ չաթ բոտը «հրաձիգին» տեղեկություններ է տրամադրել զենքի և զինամթերքի տեսակների վերաբերյալ, խորհուրդներ տվել, թե որ զենքն է ավելի արդյունավետ կարճ հեռավորության վրա, և նույնիսկ հուշել է, թե որտեղ կարելի է գտնել մարդկանց ամենամեծ կուտակումները։

OpenAI-ի ներկայացուցիչ Քեյթ Ուոթերսն իր հերթին հայտարարել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար։

«ChatGPT-ն տրամադրել է փաստացի պատասխաններ հարցերին, որոնք կարելի է գտնել համացանցի բաց աղբյուրներում։ Այն չի խրախուսել կամ խթանել անօրինական կամ վնասակար գործողություններ», – նշված է ընկերության հայտարարության մեջ։ OpenAI-ում նաև ընդգծել են, որ շարունակում են համագործակցել իրավապահների հետ։

Սա առաջին դեպքը չէ, երբ OpenAI-ի և Google-ի դեմ հայցեր են ներկայացվում՝ ԱԲ չաթ-բոտերի միջոցով մարդկանց ինքնասպանության կամ սպանության դրդելու մեղադրանքով։ Ֆլորիդայի դատախազությունը մտադիր է պարզել, թե ով է նախագծել համակարգի նմանատիպ պատասխանները և արդյոք հնարավոր էր կանխել դրանք։

Leave a Comment