Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. Վեոլիա Ջուր

Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ Վեոլիա Ջուր ընկերությունից տեղեկացնում են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ «Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։

Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- ասվում է հաղորդագրությունում։

Բյուրեղավանում 11 հոգի հոսպիտալացվել է. հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը մանրամասներ է հայտնել Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերից։ «Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք: Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment