Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Պաշտոնական Հռոմի նման որոշման պատճառ են դարձել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հասցեին հնչած քննադատական խոսքերը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին։ Իտալիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հաստատել է դեսպանին կանչելու փաստը՝ ընդգծելով, որ դա պատասխան է «Solovyov Live» ալիքի եթերում հնչած հայտարարություններին։

Միջադեպի հիմքում «Полный контакт» հաղորդաշարի թողարկումն է, որի ժամանակ Սոլովյովը կոշտ գնահատականներ է հնչեցրել Իտալիայի կառավարության ղեկավարի գործունեության վերաբերյալ։ Հեռուստահաղորդավարը Մելոնիին մեղադրել է սեփական ընտրողներին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին «դավաճանելու» մեջ։ Բացի այդ, ռուսաստանյան եթերում հնչել են որակումներ, որոնք իտալական կողմն անընդունելի է համարել պետության ղեկավարի հեղինակության տեսանկյունից։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ իտալական կողմի գործողությունները վկայում են ոչ միայն «երկակի ստանդարտների», այլև ընդհանրապես որևէ սկզբունքի բացակայության մասին։ Զախարովան շեշտել է, որ Մոսկվան շարունակում է կողմնակից մնալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությանը, սակայն ներկայիս իրավիճակը գնահատել է որպես անհամաչափ արձագանք մասնավոր կարծիքին։

Այս պահին Իտալիայում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել հանդիպման մանրամասների վերաբերյալ։ 

Leave a Comment