Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ երկրում հրադադարի ռեժիմի երկարաձգման ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում։ Նա զգուշացրել է, որ որևէ կողմի թույլ չի տրվի խաթարել անվտանգության միջոցառումները կամ վտանգել երկրի կայունությունը։
Սոցիալական ցանցի իր էջում նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական խաղաղության պահպանումը Լիբանանի պատմության այս փուլում «կարմիր գիծ» է, և ինքը ջանք չի խնայելու երկրում ստեղծված աննորմալ իրավիճակին վերջ դնելու համար։
Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Հադդադ Մաաուադը հինգշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ պետքարտուղարությունում կայանալիք նախապատրաստական հանդիպմանը։ Լիբանանյան կողմը մտադիր է բարձրացնել հրադադարի ժամկետի երկարաձգման հարցը և պահանջել, որ Իսրայելը դադարեցնի քանդման աշխատանքները Լիբանանի հարավային գյուղերում և քաղաքներում։
Ըստ նախագահ Աունի՝ Լիբանանի բանակցային դիրքորոշումը հիմնված է չորս հիմնական նախապայմանների վրա։ Դրանք են՝ իսրայելական ագրեսիայի դադարեցումը, իսրայելական զորքերի դուրսբերումը լիբանանյան տարածքներից, գերիների վերադարձի շուրջ համաձայնությունը և լիբանանյան բանակի տեղակայումը համապատասխան գոտիներում։ Այս պահանջների կատարումը Բեյրութը համարում է տարածաշրջանում երկարատև կայունություն հաստատելու միակ ուղին։
