2026 թվականի ապրիլի 21-ի դրությամբ Իրանի օդային տարածքը մասնակիորեն վերաբացվել է, ինչին զուգահեռ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ՝ հորդորելով իր քաղաքացիներին անհապաղ դուրս գալ Իրանից։ Վաշինգտոնը զգուշացնում է, որ Ամերիկայի քաղաքացիները Իրանում բախվում են հարցաքննությունների, ձերբակալությունների և կամայական կալանավորումների լուրջ ռիսկերի, իսկ երկքաղաքացիության դեպքում Իրանի իշխանությունները նրանց դիտարկում են բացառապես որպես իրենց քաղաքացիների։
Երկիրը լքելու համար, բացի օդային ուղուց, առաջարկվում են նաև ցամաքային տարբերակներ։ Հայաստանի հետ Ագարակ/Նորդուզ սահմանային անցակետը բաց է, և ԱՄՆ քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի՝ մինչև 180 օր ժամկետով։ Բաց են նաև Թուրքիայի և Թուրքմենստանի հետ ցամաքային սահմանները, սակայն վերջինիս դեպքում անհրաժեշտ է նախնական հատուկ թույլտվություն։ Ադրբեջանի հետ սահմանը փակ է սովորական երթևեկության համար, և մուտքը հնարավոր է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պաշտոնական Բաքվի նախնական համաձայնությամբ։
Այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում հեռանալ Իրանից, խորհուրդ է տրվում մնալ տներում կամ հյուրանոցներում և հեռու մնալ պատուհաններից։ Քանի որ ԱՄՆ-ն Իրանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, շահերի պաշտպանությամբ զբաղվում է Շվեյցարիայի դեսպանատունը, սակայն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության օտարերկրյա շահերի բաժինը նույնպես ժամանակավորապես փակ է անվտանգային իրավիճակից ելնելով։ Ամերիկացիներին հորդորում են խուսափել Աֆղանստանի, Իրաքի և Պակիստանի հետ սահմանամերձ գոտիներ մեկնելուց։
