Մասնագետն Արցախից տեղահանվածների դեմ խարդախությունների մասին է զգուշացրել

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է խարդախության նոր սխեմայի մասին, որի զոհ են դառնում Արցախից տեղահանվածները:

Նա Ֆեյսբուքում գրել է, որ չարագործները ներկայանում են բարեգործական նախաձեռնություններով զբաղվող բլոգերի անունով և փորձում են մարդկանց համոզել, թե խոշոր դրամական վճարումներ ստանալու հնարավորություն կա:

«Հետո շտապեցնում են, առաջարկում ստանալ մեծ գումար։ Բայց շտապ, քանի որ, իբր, վերջին օրն է։ Հետո գումար պահանջում, ավելի փոքր, մեծ գումարը ստանալու համար։ Հետո ձեռի հետ անձնական տվյալներ հավաքում», – նշել է նա։

Ըստ Մարտիրոսյանի՝ եթե շտապեցնում են կամ գումար են ուզում օգնություն տրամադրելու համար, դա արդեն իսկ հստակ խաբեության նշան է:

Leave a Comment