Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում Երևանում ապրիլի 23-ին և 24-ին կսահմանափակվեն մի շարք փողոցների երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ հաղորդագրության՝ աահմանափակումները նպատակ ունեն ապահովել հասարակական կարգի պահպանությունը, անվտանգությունը և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքը։
Մասնավորապես, ապրիլի 24-ին՝ ժամը 06։00-ից մինչև 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն Հաղթանակի կամրջից Աթենքի փողոցով և Ծիծեռնակաբերդի խճուղով մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոց ընկած հատվածը, ինչպես նաև Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։
Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն օրը՝ ժամը 07։00-ից մինչև 10։00-ը, ժամանակավորապես կսահմանափակվի նաև քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հուշահամալիր այցելող քաղաքացիների մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան փողոցի կողմից, իսկ ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ, որտեղից բնակչության համար կգործի համայնքային տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։
Իրավապահները տեղեկացնում են, որ հիշատակի միջոցառումների ընթացքում արգելվելու է տեղաշարժը քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, բացառությամբ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց։
Սահմանափակումներ կկիրառվեն նաև ապրիլի 23-ին՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ժամը 18։00-ից մինչև 21։00-ը կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում, իսկ ժամը 20։00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով և Կիևյան փողոցով մինչև Հալաբյան ու Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ տանող ճանապարհահատվածները։
