«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը

«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը

22 ապրիլի 2026 – 16:38 AMT

PanARMENIAN.Net«Արցախ» միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանությունից պահանջելով «վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը»:

Հայտարարությունում անդրադարձ է կատարվել Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերին՝ որակելով որպես մշակութային ցեղասպանության դրսևորում:

«Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են»,– ասված է հայտարարությունում։

Կազմակերպությունը պահանջել է ՀՀ կառավարությունից վերանայել իր մոտեցումները և ձեռնարկել գործնական քայլեր։ Մասնավորապես, առաջարկվել է ակտիվացնել աշխատանքը միջազգային իրավական հարթակներում, այդ թվում՝ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ միջանկյալ միջոցների կիրառման պահանջով։

Նշվել է նաև, որ անհրաժեշտ է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈւՆԵՍԿՕ-ում՝ Ադրբեջանի նկատմամբ հնարավոր սահմանափակումների կամ պատժամիջոցների կիրառման նպատակով։ Բացի այդ, կարևոր է համարվել, որ մշակութային ժառանգության պահպանության հարցը ներառվի բանակցային գործընթացի առաջնային պայմանների շարքում։

Միությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը ապահովել անկախ դիտորդների մուտքը տարածքներ՝ գնահատելու մնացած հուշարձանների վիճակը և կանխելու հետագա վնասները։

Կազմակերպության գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ավելի հետևողական և ակտիվ դիրքորոշում ցուցաբերի՝ որպես միջազգային դատական գործընթացներում ներգրավված կողմ, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը: Մինչ այդ ոչնչացվել էր Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցին:

Leave a Comment