Երևանի հայտարարությունները կոնցեսիայի վերաբերյալ տարօրինակ են. Շևցով

Երևանի հայտարարությունները կոնցեսիայի վերաբերյալ տարօրինակ են. Շևցով

Երևանի հայտարարությունները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու անհրաժեշտության մասին, տարօրինակ են թվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

«Հայկական կողմի պնդումները, թե ՀԿԵ-ի կողմից հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումն իբր «որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում» հանրապետության համար, և այդ կոնցեսիան երրորդ երկրներին փոխանցելու առաջարկները, մեղմ ասած, տարօրինակ են», – ասել է նա։

Ինչպես նշել է Շևցովը, պայմանագիրը ժամանակին կնքվել է հայկական կողմի համար առավելագույնս շահավետ պայմաններով։

«Նախնական գնահատականներով՝ նոր կոնցեսիոն գնորդները պետք է վճարեն առնվազն 250 միլիոն դոլար՝ իրավունքների ձեռքբերման և փոխհատուցման համար, տարեկան մոտ 40 միլիոն դոլար հատկացնեն շահագործման ծախսերին, ներդնեն շուրջ 400 միլիոն դոլար՝ Իջևանի վնասված հատվածի վերականգնման, ևս 200 միլիոն դոլար՝ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման համար։ Բացի այդ, մոտ 40 միլիոն դոլար կպահանջվի Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանամերձ հատվածների վերականգնման համար», – մանրամասնել է նա։

Շևցովն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներին։ Ըստ նրա՝ հայկական երկաթուղային ցանցում բեռնափոխադրումների ներկայիս ծավալներն ու աճի հեռանկարներն անորոշ են, մինչդեռ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում դրանց նվազումն անխուսափելի կլինի։

Այնուամենայնիվ, ըստ Շևցովի, տեսական ենթադրությունները միշտ կարելի է փորձարկել գործնականում։ «Հնարավոր է նաև, որ արդյունքները «գերազանցեն» սպասումները, և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստները լինեն շատ ավելի մեծ», – հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը:

Leave a Comment