22 ապրիլի 2026 – 14:45 AMT
PanARMENIAN.Net – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել, որով ՀԷՑ նոր բաժանորդների համար սակագները կնվազեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը:
«Այսօր ՀԾԿՀ-ն իր նիստում ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը։
Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ ապրիլի 23-ին)»,-ասվում է գրառման մեջ:
Եթե մինչև մայիսի 20-ը ՀԷՑ-ի բաժնետոմսերի փոխանցման գործարք չկայանա, ապա պետությունը կսկսի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը, ասել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԾԿՀ–ում նիստից հետո:
Նրա խոսքով՝ ներկայում գործում է վարչական դատարանի որոշում, որով կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման քայլերից՝ հնարավորություն տալով կողմերին բանակցությունների միջոցով հասնել համաձայնության: