
Եվրամիությանը միանալու դեպքում Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23%-ը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Ընդհանուր առմամբ, ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտ 23%, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումն ու գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով։ Ակնկալվում է նաև էներգակիրների գների աճ», – հաղորդում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը՝ մեջբերով Շևցովին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել՝ լինելով ԵԱՏՄ անդամ, և որ Երևանը նախ պետք է դուրս գա այդ կազմակերպությունից։ «Իսկ դուրս գալ նշանակում է առաջին հերթին արտահանման սահմանափակումների վերադարձ, ապրանքների և ծառայությունների միասնական պահանջների կիրառման դադարեցում, ամբողջական մաքսային վերահսկողության վերականգնում, Հայաստանից միգրանտների նկատմամբ արտոնյալ ռեժիմի վերացում, ինչպես նաև բեռների փոխադրման համար ստանդարտ սակագների կիրառում»,- նշել է Շևցովը։
Այս դեպքում գյուղատնտեսները նույնպես ստիպված կլինեն նոր շուկաներ փնտրել, քանի որ մաքսատուրքերի պատճառով նրանց ապրանքները կկորցնեն մրցունակությունը։ Կաճեն բեռնափոխադրումների ծախսերը, կնվազեն ներդրումները, և չեն լինի էներգակիրների արտոնյալ մատակարարումներ։
Շևցովի կարծիքով՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի նաև զգալի տնտեսական անկման։
«ՀՆԱ-ն, ամենապահպանողական գնահատականներով, կնվազի 15.1%-ով, ներքին սպառումը՝ 14.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ 26.3%-ով»,- հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Ապրիլի սկզբին Մոկսվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Հայաստանը գիտի, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը անդամակցությունն անհամատեղելի է։
«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է, սակայն ըստ մեր ներկայիս օրակարգի՝ դրանք համատեղելի են, դա փաստ է։ Եվ քանի դեռ այս օրակարգերը համատեղելու հնարավորություն կա, մենք դա կանենք, իսկ երբ գործընթացները զարգանան այն աստիճանի, որ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, վստահ եմ, որ մենք, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները, կընունենք այդ որոշումը»,- ասել է Փաշինյանը։