Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանում Հիսուսի արձանը մուրճով վնասած զինծառայողը և դեպքը լուսանկարած մեկ այլ զինվոր կպատժվեն 30 օր տևողությամբ ռազմական կալանքով։ Այս մասին գրում է BBC-ն:
Պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ երկու զինծառայողները, որոնց անունները չեն հրապարակվում, ծառայողական քննությունից հետո հեռացվել են մարտական հերթապահությունից։
Բացի այդ, ևս վեց զինծառայող, որոնք եղել են դեպքի վայրում, սակայն չեն փորձել կանխել միջադեպը կամ հաղորդել դրա մասին, կարգապահական պատասխանատվության կենթարկվեն առանձին կարգով։
Դեպքը տեղի է ունեցել Լիբանանի հարավում գտնվող Դեբել գյուղում և լայն արձագանք է ստացել այն բանից հետո, երբ միջադեպի լուսանկարները տարածվել են համացանցում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ցնցված և վշտացած է» տեղի ունեցածից։
Բանակը նաև տեղեկացրել է, որ վնասված արձանը արդեն փոխարինվել է՝ տեղական համայնքի հետ լիարժեք համագործակցությամբ։
ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո հազարավոր իսրայելցի զինվորներ շարունակում են տեղակայված մնալ Լիբանանի հարավում։ Վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտման մեջ։
