Էսմայիլ Բաղային կոչ է արել ԱՄԷ-ի իշխանություններին վերանայել իրենց ընթացիկ քաղաքական գիծը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խիստ քննադատել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վերջին գործողությունները։ Թեհրանը ԱՄԷ-ում մի շարք անձանց ձերբակալությունը, «կեղծ և անհիմն պատճառաբանություններով», գնահատել է որպես քաղաքական ճնշման փորձ։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր հայտարարության մեջ Բաղային նշել է, որ Աբու Դաբիի հակաիրանական հռետորաբանությունը նպատակ ունի քողարկել ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային հակամարտությունում։

Դիվանագետի խոսքով՝ նման անհիմն պնդումները չեն կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը այն հանգամանքից, որ ԱՄԷ-ն աջակցություն է ցուցաբերում ամերիկյան և իսրայելական ուժերին՝ Իրանի դեմ ռազմական գործողություններում։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ «պատասխանատվության տեղափոխման» քաղաքականությունը  միայն քայքայում է տարածաշրջանի երկրների միջև վստահության մթնոլորտը։

Էսմայիլ Բաղային կոչ է արել ԱՄԷ-ի իշխանություններին վերանայել իրենց ընթացիկ քաղաքական գիծը․

«Մենք կոչ ենք անում ԱՄԷ-ի իշխանություններին հարգել ձերբակալվածների իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը, խուսափել վրեժխնդիր քայլերից և վերադառնալ բարիդրացիության սկզբունքներին», — նշել է ԱԳՆ խոսնակը։

Leave a Comment