Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ միության 26 անդամ պետություններ պատրաստ են աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, սակայն մեկ երկիր արգելափակում է այդ գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կալլասը պարզաբանել է կառույցի ներսում տիրող տրամադրությունները։
«Եթե հարցնում եք ընդհանուր տրամադրվածության մասին, ապա կարող եմ դրական պատասխան տալ։ Երբ մենք առաջ էինք մղում պատժամիջոցները, օրինակ՝ նրանց դեմ, ովքեր գործողություններ են իրականացնում ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների դեմ, մեզ աջակցեց 26 երկիր, և միայն մեկը հանդես եկավ դեմ»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Վրաստանի հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ սկսել էին վատթարանալ 2024 թվականի մայիսից, երբ երկրի խորհրդարանն ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը (առավել հայտնի որպես օտարերկրյա գործակալների մասին օրենք-խմբ.)։ Իրավիճակն ավելի սրվել էր 2024-ի նոյեմբերին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, որ իշխանությունները մինչև 2028 թվականը չեն բարձրացնի ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը:
Արևմուտքն այս քայլերը գնահատել էր որպես նահանջ եվրոպական արժեքներից և եվրաինտեգրման ուղուց, ինչին հաջորդել են Վրաստանի իշխանությունների առանձին ներկայացուցիչների դեմ սահմանված անհատական սահմանափակումները։
Չնայած Թբիլիսին հայտարարում է, որ շարունակում է հետևել եվրաինտեգրման ուղուն, սակայն փետրվարին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեղադրել էր ԵՄ-ին «գաղութային մտածելակերպի» և շանտաժի մեջ: Պապուաշվիլի խոսքով՝ Բրյուսելը փորձում է երկրին պարտադրել օրենքներ, դատավորների և դատախազների նշանակման կարգ, միասեռ ամուսնությունների օրինականացում և այլ պահանջներ՝ սպառնալով վիզային ռեժիմի սահմանափակմամբ:
