Հորմուզի նեղուց, ծովային պաշարում․Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում. Շահան Գանտահարյան


Հորմուզի նեղուց, ծովային պաշարում․Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում։«Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։


 


-․ Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել «Իսլամաբատ 2»-ի բանակցային գործընթացում։


 


-․ «Իսլամապատ 2»-ի ճակատագիրը փաստորեն հայտնվել է անորոշության մեջ, երբ պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչները չմեկնեցին Պակիստան՝ մասնակցելու բանակցությունների երկրորդ փուլին։ Նախապես հայտարարվել էր, որ առաջին փուլը որևէ գործնական արդյունք չի տվել, սակայն այն  նպաստել էր հրադադարի հաստատմանը և բանակցային դռների բաց պահպանմանը։-


 


-․ Արդյո՞ք Իրանի հրաժարումը նշանակում է պատերազմի վերսկսում։


 


-․ Պարտադիր չէ։ Թեհրանի մերժումը այս փուլում բանակցություններին մասնակցելու չի նշանակում, որ պատերազմը անխուսափելիորեն կվերսկսվի։ Իրանը հրաժարվեց մասնակցել, քանի որ Վաշինգտոնի քայլերը այնպիսի տպավորություն էին ստեղծում, թե իրենից պահանջվում է լիակատար կապիտուլյացիա։


 


-․ Ո՞րն է հակամարտության հիմնական առանցքը։


 


-․ Գետնի վրա տեսանելի հիմնական առանցքը կրկին Հորմուզի նեղուցն է՝ խողովակաշարերի և առևտրային ուղիների վերահսկողությունը։ Երբ Իսրայելը խախտեց Իրանի առաջադրած պայմաններից մեկը և շարունակեց հարձակումները Լիբանանի ուղղությամբ, Իրանը կրկին մասնակիորեն փակեց Հորմուզը։


 


-․ Ինչպե՞ս արձագանքեց ԱՄՆ-ը։


 


-․ Այստեղ Վաշինգտոնը դիմեց աննախադեպ քայլի՝ փաստացի ծովային համընդհանուր պաշարման ենթարկելով Հորմուզի նեղուցը, ապա աստիճանաբար նաև Իրանի նավահանգիստները։ Սա տնտեսական ամբողջական պաշարում էր, որը միաժամանակ ռազմավարական ուղերձ էր՝ թելադրելով «խաղի նոր կանոններ»։


 


-․ Ի՞նչ էին այդ «նոր կանոնները»։


 


-․ ԱՄՆ-ի գործողությունները հստակ ցույց տվեցին, որ բանակցությունների առանցքը տեղափոխվում է էներգետիկ հոսքերի և ապրանքաշրջանառության կառավարման նոր մեխանիզմների ձևավորման վրա։


 


-․ Ինչպե՞ս է այս ամենի մեջ տեղավորվում Չինաստանը։


 


-․ Չինաստանի դերը այստեղ առանցքային է։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հեռախոսազրույցում ընդգծել էր Հորմուզի նեղուցով բնականոն նավագնացության վերականգնման անհրաժեշտությունը։ Միաժամանակ չինական պետական լրատվամիջոցները շեշտում էին, որ Պեկինը ակտիվ դիվանագիտական շփումների մեջ է Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ՝ մտահոգ լինելով համաշխարհային մատակարարման շղթաների խափանմամբ։


 


-․ Կարելի՞ է ասել, որ վերջնական թիրախը Չինաստանն է։


 


-․ Մասամբ՝ այո։ Չնայած Չինաստանն ունի էներգետիկ սեփական աղբյուրներ, այն մնում է իրանական նավթի հիմնական գնորդներից մեկը։ Այդ պատճառով Հորմուզի շուրջ լարվածությունը անմիջականորեն ազդում է Պեկինի շահերի վրա։ Վաշինգտոնի ծովային պաշարումը կարելի է դիտարկել նաև որպես ճնշման գործիք Չինաստանի նկատմամբ։


 


-․ Ինչպե՞ս է Չինաստանը փորձում հավասարակշռել իրավիճակը։


 


-․ Չինաստանը ակտիվացնում է դիվանագիտական կապերը՝ ինչպես Իրանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի հետ։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ հենց Պեկինում Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր ստորագրեցին՝ վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները։ Այժմ Չինաստանը կրկին փորձում է միջնորդի դեր ստանձնել՝ շեշտելով հրադադարի անհրաժեշտությունը։


 


-․ Ի՞նչ ուղղությամբ կարող են զարգանալ բանակցությունները։


 


-․ Հիմնական սցենարը կարող է լինել հետևյալը՝ ծովային պաշարման մեղմացում կամ վերացում՝ փոխարենը Իրանի կողմից Հորմուզի լիարժեք բացում։ Սակայն դա, ամենայն հավանականությամբ, կուղեկցվի նավագնացության նոր կանոններով և վերահսկողության նոր համակարգով։


 


-․ Ինչու՞ պատերազմը դեռ չի վերսկսվել։


 


-․ Չնայած բանակցությունների առկախմանը և հրադադարի ժամկետի ավարտին, պատերազմը դեռ չի վերսկսվել։ Հնարավոր է, որ զսպող գործոններից մեկը հենց Չինաստանն է, հատկապես հաշվի առնելով առաջիկա բարձր մակարդակի հանդիպումները։


 


-․ Կարելի՞ է ասել, որ այս ամենը նախապատրաստում է մեծ հանդիպման։


 


-․ Այո, զարգացումների այս տրամաբանությունը հուշում է, որ ընթացող գործընթացները կարող են նախաբան լինել Պեկինում սպասվող Թրամփ–Սի Ծինփին հանդիպման համար, որտեղ, հավանաբար, կքննարկվեն ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ուժային հավասարակշռության հարցերը։

 


 


 


Leave a Comment